ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս գործընկերոջը` Վլադիմիր Պուտինին, «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հետ կապված իրավիճակում օգնություն է առաջարկել հունիսի 24-ի առավոտյան: Տեղեկությունը RT-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Լուկաշենկոն Պուտինին առաջարկել է իրավիճակը խաղաղությամբ լուծել։
«Մինսկի դերակատարման գնահատականները վաղուց են տրվել անձամբ նախագահ Լուկաշենկոյին, որը, ինչպես Դմիտրի Պեսկովը բազմիցս ու մանրամասն պարզաբանել է, շաբաթ առավոտյան հեռախոսազրույց է ունեցել նախագահ Պուտինի հետ, փորձել է այս իրավիճակը լուծել խաղաղությամբ, խուսափել մեծ արյունահեղությունից, որն անխուսափելիորեն տեղի կունենար, եթե ապստամբների ջոկատները շարունակեին դեպի Մոսկվա շարժվել։ Այս առաջարկը հավանության է արժանացել նախագահ Պուտինի կողմից: Եվ արդյունքը ձեզ հայտնի է», - ասել է Լավրովը։
Հիշեցնենք` հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ուժերը Դոնի Ռոստովում գրավեցին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի ունեցավ Եվգենի Պրիգոժինի այն հայտարարության ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռառումբային հարվածներ է հասցրել «Վագների» ճամբարներին, ինչը հերքեց և՛ ՊՆ–ն, և՛ ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու հոդվածով քրեական գործ հարուցվեց։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողությունները որակեց հանցավոր արկածախնդրություն, հարված թիկունքից և դավաճանություն։
Ավելի ուշ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցել է Պրիգոժինի հետ, և նա ընդունել է Ռուսաստանի տարածքում «Վագների» շարժը դադարեցնելու առաջարկը: Դրանից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնեց, որ «Վագների» ղեկավարը կմեկնի Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի։