ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայկական կողմն աշխատանքներ է տանում Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» անցակետի սահմանային ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։ Այս մասին ԵԽԽՎ–ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսին ասաց ԱԺ փոխխոսնակ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Այդ աշխատանքներն առաջիկայում կավարտվեն, և Հայաստանը հույս ունի, որ թուրքական կողմը նույնպես կպահպանի պայմանավորվածությունները։
Քաղաքական գործչի խոսքով` ընդհանուր առմամբ, բանակցությունների գործընթացը չի դադարում, անհրաժեշտության դեպքում էլ շփվում է թուրք հատուկ ներկայացուցչի հետ։ Այս պահին, նրա խոսքով, նոր հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա, եթե լինի, համապատասխան կարգով կտեղեկացնեն հանրությանը։
Հարցին, թե ինչու հիմա նախկին դիվանագիտական ակտիվությունը չկա, Ռուբինյանը նշեց` կողմերը հստակ պայմանավորվածության իրականացման շուրջ են աշխատում։ Նա հնարավոր համարեց, որ ներկայիս իրավիճակում վստահության որոշակի դեֆիցիտ կա, սակայն նախանշված ծրագրերի իրականացումը կարող է բարձրացնել վստահության մակարդակը։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։
Թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։