ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են՝ խոչընդոտելու «ՀայաՔվե» նախաձեռնության կազմակերպած հանրաքվեի անցկացումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Նրա խոսքով` բոլոր նրանք, ովքեր վերլուծել են Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը Արցախի հարցի վերաբերյալ, շատ հստակ գիտեն, որ ցանկացած միջոցառում, որն այս կամ այն չափով փորձելու է փոփոխություններ մտցնել նրանց վարած քաղաքականության մեջ, խոչընդոտների է հանդիպելու։
Հունիսի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «ՀայաՔվե» նախաձեռնության դիմումը` 50 հազար ստորագրություն հավաքելու և Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։
Նախաձեռնության անդամները ցանկանում են հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար օրենքով խիստ պատիժ նախատեսել։
«Հանրաքվեի արդյունքը կարող է լինել այն, որ հասարակության մի զգալի մաս կարող է դեմ լինել, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Նման դեպքում ՀՀ իշխանություններն այլևս չեն կարող ներկայացնել, որ մանդատ են ստացել իրենց քաղաքական գիծն առաջ տանելու համար»,–ասաց Բադալյանը։
Նրա խոսքով` այդ դեպքում հասարակությունը կարող է քայլեր ձեռնարկել դա թույլ չտալու համար։ Նման դեպքում իշխանություններն այլևս չեն կարող հիմնվել նախորդ ընտրությունների արդյունքների վրա, թե ունեն մանդատ ցանկացած գործողություն իրականացնելու համար։
«Որպեսզի դա թույլ չտան, իրենք բոլոր հնարավոր տարբերակներով խոչընդոտելու են հանրաքվեի անցկացումը»,–ասաց նա։
Բադալյանն ընդգծեց, որ ավելի բացասական արդյունք կլինի այն, որ, օրինակ, հանրաքվեի արդյունքում 20-30 տոկոսը դեմ լինեն, որպեսզի Արցախի լինի Ադրբեջանի կազմում, բայց 40-50 տոկոսը կողմ լինեն կամ ձայները գրեթե հավասարվեն։
Անդրադառնալով «ՀայաՔվե» նախաձեռնության և Երևանի վարչական շրջանների միջև առաջացած տարաձայնություններին` տարածքներ տրամադրելու մասով, Բադալյանը նշեց, որ ցանկացած դեպքում նախաձեռնության անդամները պետք է հետևեն առկա օրենսդրությանը։
Հայտնել ենք, որ հունիսի 26-ին նախաձեռնության անդամները իշխանություններին կոչ էին արել դադարեցնել ճնշումներն ու թույլ տալ, որ ստորագրահավաքն անխոչընդոտ իրականացվի։ Նրանք նշել էին, որ Երևանի 12 վարչական շրջաններից Ավան, Նոր Նորք, Կենտրոն, Նուբարաշեն և Աջափնյակ վարչական շրջաններից ստացել են մերժման նամակներ։ Ստորագրահավաքի անցկացման համար տարածք տրամադրելու հարցում նրանց մերժել են նաև Դիլիջան և Սպիտակ համայնքները։
Սակայն, ըստ օրենքի, տարածքներ տրամադրելու թույլտվություն ստանալու համար նախաձեռնության անդամները պետք է դիմեն Երևանի քաղաքապետարան։
«Հակառակ դեպքում միայն այդ պատճառով կարող են ստորագրությունները լեգիտիմ չճանաչվել»,–ասաց նա։
Հարցին, որ հաշի առնելով «ՀայաՔվե» նախաձեռնությունն արդեն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն բոլոր այն պաշտոնատար անձանց դեմ, որոնք խանգարում են քաղաքացիներին իրենց սահմանադրական իրավունքը իրացնելու հարցում, ինչ ակնկալիք կարող են ունենալ։
Բադալյանը պատասխանեց, որ դատախազությունն իշխանությունների կցորդն է, և կընդունի այն որոշումը, որը կլինի քաղաքական որոշում և կիրականացվի։
Հիշեցնենք` ստորագրահավաքի համար սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։