Երևանի հասարակական տրանսպորտի մասին տեղեկություններն արդեն հասանելի են առցանց քարտեզում

Ավտոբուս
Մարդիկ հավելվածի միջոցով կարող են տեսնել, թե որտեղ է մոտակա կանգառը, ինչ ավտոբուսներ են այնտեղով անցնում, ինչ ուղղությամբ են գնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Երևանի հասարակական տրանսպորտի մասին տեղեկություններն արդեն հասանելի են «Yandex»-ի էլեկտրոնային քարտեզում։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Օգտագործելով «Yandex» քարտեզները՝ քաղաքացիներն ու զբոսաշրջիկները կարող են տեսնել Երևանի հասարակական տրանսպորտի երթուղիներն ու կանգառները, պլանավորել երթևեկությունը՝ նշելով սկզբնակետը և վերջնակետը, տեսնել պլանավորված երթուղու ուղեգիծը։
Քաղաքապետարանը շարունակում է աշխատել և վստահեցնում, որ երթուղիների առցանց ցուցադրման որակը բարելավվելու է։
«Հետագայում ավտոբուսների մեջ կտեղադրվեն հատուկ սարքեր, ու քաղաքացիները հավելվածի միջոցով կկարողանան նաև տեսնել, թե քաղաքի որ հատվածում է գտնվում այն ավտոբուսը, որին սպասում է նա, ինչքան ժամանակից կլինի տեղում` հաշվի առնելով նաև խցանումները»,– զեկուցեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ հուլիսի 1-ին գործարկվող նոր երթուղիները նույնպես տեղ կգտնեն առցանց քարտեզում։
Երևանում ավտոբուսների նոր հավաքակայան կկառուցվի. տարածքը գերակա շահ է ճանաչվում
Հետագա պլանների մասին խոսելով` Տիգրան Ավինյանը նշեց, որ կանգառներում մոտ ապագայում պետք է տեղադրվեն չվատախտակներ, որոնք նույնպես մանրամասն տեղեկություններ կհայտնեն ավտոբուսների շարժի մասին:
Հանրային տրանսպորտը կրկին կփոխանցվի մասնավոր ընկերություններին