ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի են ենթարկում։ Այս մասին Խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առնչությամբ ուղերձ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Նա շեշտել է, որ այդ հանգամանքը պետք է արժանանա պատշաճ գնահատականի:
«Որևէ պատերազմ կամ պատերազմի սպառնալիք, ներքին քաղաքական անկայունության չի կարող արդարացնել խոշտանգումը։ ՀՀ ՄԻՊ–ը տարեկան ու արտահերթ զեկույցներում մշտապես ընդգծել է մարդու հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմի թերությունները։ Դրանք հատկապես ակներև են անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկվելու հետևանքով վրա հասած ոչ նյութական վնասի հատուցման կառուցակարգերի բացակայության պարագայում»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ՄԻՊ աշխատակազմում շարունակվում են դիմում–բողոքներ և ահազանգեր ստացվել ՔԿՀ–ում, ոստիկանությունում կամ քննչական մարմիններում խոշտանգման առերևույթ դեպքերի վերաբերյալ, ինչը Մանասյանը մտահոգիչ է համարում և վստահեցնում` այդ դեպքերը պետք է բացառվեն։
Ուղերձում ասվում է, որ աշխատանքների անհրաժեշտություն կա նաև խոշտանգում վերապրած անձանց և նրանց ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ՝ հոգեբանական, բժշկական և սոցիալ-վերականգնողական:
Հիշեցնենք, որ Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը ՄԱԿ–ի կողմից նշվում է հունիսի 26-ին։