ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ԱԺ արտահերթ նիստի ավարտին քվեարկության դրվեցին և միաձայն` 65 կողմ, արագ ընդունվեցին այսօր քննարկված բոլոր նախագծերը, համաձայնագրերը` 2–րդ ընթերցմամբ։
Ընդդիմադիր «Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցություններն ԱԺ արտահերթ նիստի կեսից հրաժարվեցին մասնակցել հաջորդ քննարկումներին։ Նրանք չմասնակցեցին նաև քննարկված նախագծերի քվեարկությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև լեզվակռիվ ու փոխադարձ վիրավորանքներ էին հնչել։
ՀՀ կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին հատուկ ընթացակարգով` 24–ժամյա ռեժիմով, քննարկվեցին և քվեարկվեցին «Հանրակրթության մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը։