Ադրբեջանը կրկնապատկել է իր հատուկ նշանակության ստորաբաժանումների թիվը. Աբրահամյան

Տիգրան Աբրահամյան
Ըստ պատգամավորի ունեցած տեղեկությունների` Թուրքիայի հետ իրականացվող բարեփոխումների շրջանակներում 18-20 հազար ադրբեջանցի զինծառայող է վերապատրաստվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը կրկնապատկել է իր հատուկ նշանակության ստորաբաժանումների թիվը։ Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա` ՆԱՏՕ-ական չափանիշներով Ադրբեջանը նաև վերակազմավորում է զորամասերը, մարտի վարման նոր չափանիշներ են դրվում:
«Տարբեր բաց աղբյուրներից ստացվող տեղեկությունները, «Կոմանդո»-ների վերապատրաստումներն ու ձևավորվող նոր զորամասերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Թուրքիայի հետ իրականացվող բարեփոխումների շրջանակներում 18-20 հազար ադրբեջանցի զինծառայող է վերապատրաստվել»,– գրել է նա:
Զուգահեռ, ըստ Աբրահամյանի, Ադրբեջանի ու տարբեր երկրների ռազմաուսումնական հաստատություններում ևս կրթական ուսուցման ծրագրերով մեծ թվով զինծառայողներ են անցնում, որոնք նշված թվի մեջ չեն մտնում:
«Ինչպե՞ս է ստացվում, որ հայաստանյան իշխանությունը երկրի ներսում կեղծ խաղաղասիրություն է քարոզում, տարբեր իշխանական դեմքեր ամենօրյա ռեժիմով խոսում են թուրքերի և ադրբեջանցիների հետ ախպերության ու դրա օգուտների մասին, իսկ Ադրբեջանի նախագահը բաց հայտարարում է, որ միջազգային հարաբերություններում ուժը, այլ ոչ թե միջազգային իրավունքն է հարց լուծում և հայտարարում զինված ուժերի բարեփոխումների, այդ թվում` հատուկ նշանակության ուժերի, ռազմական ներկրումների կտրուկ մեծացման մասին»,– հռետորական հարցադրում է անում Աբրահամյանը:
Ըստ նրա` ՀՀ իշխանության հանձնվողականությանն Ադրբեջանն առաջադրում է կոշտ միջոցների քաղաքականություն: