1300–ից ավելի ուսուցիչ չունի բարձրագույն կրթություն. եթե ատեստավորումը չանցնեն, չեն աշխատի

Ժաննա Անդրեասյան. Արխիվային լուսանկար
Ըստ ԿԳՄՍ նախարարի` եթե ուսուցիչները կամավոր ատեստավորում անցնեն ու հավաքեն 60 տոկոսից ավելի միավոր, կմնան իրենց պաշտոնին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՀՀ հանրակրթական դպրոցներում 1300–ից ավելի ուսուցիչ կա, որոնք չունեն բարձրագույն կրթություն։ ԱԺ արտահերթ նիստում «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ըստ նրա` եթե ուսուցիչները մասնակցեն կամավոր ատեստավորման ու հավաքեն 60 տոկոսից ավելի միավոր, ապա կմնան իրենց աշխատանքին։
«70 միավորից ավելի ստանալու դեպքում նրանք կխրախուսվեն, ու նրանց դրույքաչափը կդառնա 200 հազար դրամ, ինչպես նաև կգործի 30-50 տոկոսից ավելի հավելավճար` կախված ատեստավորման արդյունքից»,– հայտարարեց նա։
Ժաննա Անդրեասյանը հայտարարեց` եթե այդ 1300 ուսուցիչը չհաղթահարեն ատեստավորման փուլը, ապա, միևնույնն է, նրանք չեն դասավանդելու դպրոցում, քանի որ նախարարությանը պետք չեն ուսուցիչներ, որոնք միայն ֆիզիկապես են ներկա լինելու դասարանում։
«Նախորդ ատեստավորումը, օրինակ` 700 ուսուցիչ չէր հաղթահարել ու նրանցից 650–ը դիմել էր մեզ` վերապատրաստման համար։ Աշնանը նորից կանցկացվի ատեստավորում, ու նրանք նորից կմասնակցեն»,– նշեց նախարարը։
Դպրոցները կմնան առանց ուսուցիչների. փորձագետը գուժում է ատեստավորման գործընթացի վախճանը
Անդրեասյանը նաև նշեց, որ դպրոցներում կան նաև ուսուցիչների թափուր տեղեր, և նախարարությունը մտադիր է ուսուցիչներ գործուղել, օրինակ` սահմանամերձ համայնքներ, որտեղ ամենից շատ կա այդ խնդիրը։ Բացի այդ, ԿԳՄՍ–ն մտադիր է բուհերի մանկավարժական բաժիններում սովորող ուսանողներին իրենց ուսումնառության վերջին տարում գործողել գյուղական որևէ համայնք դասավանդման` ուղեկցող ուսուցչի մենթորությամբ։
Բարձրագույն կրթություն չունեցող 1300 ուսուցչի աշխատանքի ժամկետը, ըստ նախարարի, լրանում է այս տարվա օգոստոսի 20–ին։ Եվ միայն ատեստավորումից հետո պարզ կդառնա` նրանց պայմանագրերը կխզվե՞ն, թե՞ կշարունակվեն։