ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Մոսկվայից Երևան ավիատոմսերն էժանացել են կտրուկ թանկացումից հետո։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիային:
Ըստ լրատվամիջոցի` արտերկիր տոմսերի արժեքը նորմալացել է նախօրեին գների թռիչքից հետո։
«Կան նաև ծայրահեղ ցածր սակագներ այսօրվա և վաղվա համար։ Դեռևս շատ թանկ և անհարմար է թռչել Թբիլիսի և Բելգրադ։ Մնացած գները սովորական են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաև, որ Սոչիից Երևան չվերթի արժեքը (առանց ուղեբեռի) կազմում է 25,6 հազար ռուբլի (մոտ 100 հազար դրամ): Հայաստանի մայրաքաղաք ուղիղ չվերթերի տոմսերի գները հաջորդ շաբաթ սկսվում են 29,3 հազար ռուբլուց (մոտ 115 հազար դրամ):
Դեպի Թբիլիսի այսօրվա չվերթի ամենաէժան տոմսն արժե 41,4 հազար ռուբլի, իսկ հունիսի 26-ի ուղիղ չվերթը՝ 108,3 հազար ռուբլի։ Հաջորդ շաբաթ Բելգրադ կարելի է թռչել 65 հազար ռուբլուց սկսած։
Նշենք, որ Ռուսաստանում ստեղծված իրավիճակի պատճառով երեկ մի շարք ավիաընկերություններ դեպի Երևան չվերթերի տոմսերի գինը մեկ օրում «թռցրել էին»` 80.000-ից դարձնելով մոտավորապես 1.000.000 դրամ։ Հունիսի 25-ին Մոսկվա–Երևան չվերթի տոմսեր արդեն չկային։
Նման իրավիճակը կախված է «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության կողմից Ռուսաստանում ռազմական հեղաշրջման փորձի հետ։