Պատվիրվել են նախագծային փաստաթղթեր. Շինուհայր-Տաթև մայրուղին կվերանորոգվի

Շինուհայր-Տաթև մայրուղի
Հայաստան-Իրան գործող մայրուղու մի հատվածը գտնվում է անմխիթար վիճակում և վերանորոգման կարիք ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Իրան-Հայաստան մայրուղու Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածի վերանորոգման համար նախագծային փաստաթղթեր են պատվիրվել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։
«Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար պատվիրվել են նախագծանախահաշվային փաստաթղթեր, որոնք մշակման փուլում են։ Փորձաքննության դրական եզրակացությունը ստանալուց հետո համապատասխան կարգով կկազմակերպվի նշված հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցութային գործընթաց», - ասված է գերատեսչության պատասխանի մեջ:
Ինչ վերաբերում է մեկ այլ՝ Տաթև - Կապան հատվածում նոր խնդիրների առաջացմանը, ապա դրանք, ինչպես նշում են նախարարությունից, պայմանավորված են ճանապարհի գերծանրաբեռնվածությամբ։ Պետական հանձնաժողովը դեռ չի ընդունել հանձնված շինարարական օբյեկտը շահագործման։
«Շինարարական ընկերությունն իր միջոցներով կվերացնի ի հայտ եկած թերությունները», - հայտնեցին նախարարությունից:
2022 թվականի նոյեմբերին գրել էինք, որ ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում։ Այն ժամանակ մեր հարցմանն ի պատասխան նախարարությունից նշել էին, որ ճանապարհը կվերանորոգվի 2023 թվականին։
Նշենք, որ Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհը փակելուց հետո Իրանի հետ կապն իրականացվում է Շինուհայր-Տաթև-Կապան ճանապարհով: Շինուհայր-Տաթև հատվածում կան լեռնանցքներ, ճանապարհը նեղ է, ինչը խիստ դժվարացնում է երթևեկությունը:
Շամբ–Լծեն–Տաթև ճանապարհի շահագործումը պետք է լուծի ստեղծված խնդիրը։ Ճանապարհի շինարարությունը նախատեսված է ավարտել 2023 թվականի վերջին։