ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Հայտնի ռուս երաժշտական պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը «Վագներ» ՄՌԿ-ի ապստամբությունից հետո հայտարարել է ազգանունը փոխելու ցանկության մասին: Նա այս մասին ասել է «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին տված հարցազրույցում։
«Դա իհարկե հիմա ամենակարևորը չէ, ու ընդհանրապես, ինձ դուր է գալիս իմ ազգանունը, չեմ ուզում հրաժարվել դրանից։ Բայց կար օրինակ Նեմիրովիչ-Դանչենկո։ Ես էլ կարող եմ դառնալ, օրինակ, Պերֆիլով-Պրիգոժին: Միգուցե դա ինձ մի փոքր օգնի»,- նշել է պրոդյուսերը։
Նրա խոսքով՝ հունիսի 24-ին (ապստամբության փորձի օրը) նա բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել՝ կապված իր ազգանվան հետ։ Բացի այդ, շատ օգտատերեր նրա էջում մեմերով մեկնաբանություններ են թողել։ Մասնավորապես, մարդիկ գրել են նրան «Վերադարձրու Ռոստովը» և «Սա ինչ է՝ Վալերիայի նոր երգի գովազդ»։ Պրիգոժինը խոստովանել է, որ ըմբռնումով է մոտեցել այդ ուղերձներին։
«Ես նույնպես հումորով մարդ եմ և լավ հասկանում եմ, որ նման մեմերը թեթևացնում են ընդհանուր հուզական վիճակը, ինչ-որ կերպ լիցքաթափում են նորությունների ֆոնը», — ասել է Պրիգոժինը:
Հիշեցնենք` Դոնի Ռոստովում հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը «Վագներ» ՄՌԿ–ի ուժերը գրավել էին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Քաղաքում զինված մարդկանց խմբեր էին տեղաշարժվում, քաղաքի ելումուտը վերահսկվում էր հսկիչ կետերով։ Այս ամենը տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարության ֆոնին։ Նա ասել էր, իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագների» ճամբարներին, ինչը հերքել է և՛ ՊՆ–ն, և՛ ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողությունները որակել էր հանցավոր արկածախնդրություն, հարված Ռուսաստանի մեջքին և դավաճանություն, որին հանգեցրել են մեծ հավակնություններն ու անձնական շահերը։
Մոսկվայի, Մոսկվայի և Վորոնեժի մարզերի տարածքներում հնարավոր ահաբեկչությունները կանխելու նպատակով հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ էր սահմանվել։