Ինչն է ՀՀ-ում շատ հավանել Հարություն Կիվիրյանը. տիեզերագնացը` տպավորությունների մասին

Հարություն Կիվիրյանը Գյումրիում
Հայաստան կատարած իր առաջին այցից տպավորված ռուսաստանաբնակ տիեզերագնաց-փորձարկող Հարություն Կիվիրյանը պատրաստ է առիթի դեպքում վերադառնալ Հայաստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Չնայած Հայաստանից հեռու են` Մայկոպ են ապրում, բայց երիտասարդ տիեզերագնաց Հարություն Կիվիրյանենց ընտանիքում հայերեն են խոսում։ Հայրենիքում նա մի փոքր դժվարանում է, որովհետև տան լեզուն համշենահայերենն է։ Այս մասին Կիվիրյանը պատմեց Գյումրիում տիեզերքով ու տիեզերագնացությամբ հետաքրքրվողների հետ հանդիպմանը։
Ռուսաստանի գիտության և մշակույթի «Ռուսական տուն» կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանում գտնվող երիտասարդ տիեզերագնացն այսօր Գյուրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում և Գյումրու ԼՈՖԹ կենտրոնում էր։
Հարություն Կիվիրյանը Գյումրիում
«Զբաղվածության պատճառով շատ բան չհասցրեցի տեսնել, ավելի շատ մեքենաների միջից, բայց այն վայրերը, ուր այցելեցի, մեծ տպավորություն թողեցին»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Կիվիրյանը։
Նա շատ է հավանել Երևանի ճարտարապետությունը, Գյումրիում էլ Սև բերդ ամրոցն է ուշադրությունը գրավել։ Տպավորել են եկեղեցիները, հին շինությունները, բայց ամենաշատն իր համար հայկական հյուրընկալությունն է տպավորիչ եղել։
«Ծիծեռնակաբերդը շատ ազդեցիկ էր․ ես համշենահայ եմ, ու այդ վայրն ինձ հետ ուղիղ կապ ուներ։ Միանգամից հիշեցի իմ նախնիների պատմածներն այդ արյունալի դեպքերի մասին»,- ասում է Կիվիրյանը` հավելելով՝ երբ մոտեցել է անմար կրակին, անձրև է տեղացել, ինչն ավելի խորհրդանշական է դարձրել այդ վայրը։
Հարությունը շատ է հավանել նաև հայկական խոհանոցը։ «Ճիշտ է, տանը շատ համեղ են պատրաստում, բայց այստեղ մեկ ուրիշ համ ու հուտ եմ զգում։ Ընդհանրապես այս այցից շատ եմ տպավորված»,-հավելեց տիեզերագնաց-փորձարկողը։
Հարություն Կիվիրյանը Գյումրիում
Հարություն Կիվիրյանը 30 տարեկան է։ Ծնվել է Մայկոպում։ Սովորել է Սանկտ Պետերբուրգի Սուվորովի ռազմական ուսումնարանում, որն ավարտելուց հետո պահեստային լեյտենանտ է դարձել։ 2015 թվականին ավարտել է նաև Պետերբուրգի հայտնի «Վոենմեխի» հրթիռատիեզերական տեխնիկայի ֆակուլտետը` «հրթիռաշինություն» մասնագիտությամբ։ 2023 թվականին «Ռոսկոսմոսի» ընդհանուր տիեզերական ուսուցման ծրագրի հաջող ավարտից հետո ստացել է տիեզերագնացի վկայական: Այս պահին տիեզերական թռիչքների փորձ Կիվիրյանը դեռ չունի։
2022 թվականին նա 2200 հավակնորդներից ընդգրկվել էր ռուսական տիեզերագնաց ջոկատում։ Կիվիրյանի առաջին տեղի կունենա 2026-28 թվականներին։
Տիեզերքից հայերեն խոսք կհնչի. տիեզերագնաց Կիվիրյանն ասել է` երբ կլինի առաջին թռիչքը