ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Երևանում մի քաղաքացի այսօր «Հաղթանակ» կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնացել է իրեն ցած նետել։ Տեղեկությունը հաղորդում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ոստիկանների մոտ 1 ժամ տևած բանակցություններն արդյունք են տվել, և քաղաքացին հրաժարվել է դիմել ծայրահեղ քայլի։
Դեպքի վայրում, բացի ոստիկաններից և քննիչներից, եղել են նաև փրկարարներ ու հոգեբան։
Քաղաքացին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են քաղաքացու ինքնությունը։