Էլեկտրաէներգիայի անջատումը ԼՂ-ում խորացնում է թվային անջրպետը. Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ-ում
Միայն միջազգային դոնորների աջակցությամբ, ըստ ՔՊ պատգամավորի, հնարավոր է ապահովել ոչ միայն թվային սարքերի, այլ նաև դրանց կիրառումն ուսուցանող ծրագրերի հասանելիությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Հակամարտության գոտիներում թվային անջրպետն ավելի խորն է այն երեխաների համար, որոնք ունեն ինտերնետին սահմանափակ հասանելիություն և ապրում են ռմբապաստարաններում: ԵԽԽՎ ամառային նստաշրջանում իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«Նմանատիպ իրավիճակ է հիմա արձանագրվում Լեռնային Ղարաբաղում, որտեղ համընդհանուր շրջափակումն ու էլեկտրաէներգիայի անջատումները խորացնում են թվային անջրպետը»,– մասնավորապես ասված է պատգամավորի ելույթում:
Ըստ նրա` միայն միջազգային դոնորների աջակցությամբ է հնարավոր ապահովել ոչ միայն թվային սարքերի, այլ նաև դրանց կիրառումն ուսուցանող ծրագրերի հասանելիությունը:
Պատգամավորի համոզմամբ` կառավարությունները պետք է կարևորեն ռազմավարությունների մշակումը, որոնց միջոցով կկարողանան կամուրջ ստեղծել թվային ռեսուրսների հասանելիություն ունեցողների ու դրանցից զրկվածների միջև:
Սոնա Ղազարյանի կարծիքով` գլխավոր նպատակը բոլոր անհատների համար թվային աշխարհից օգտվելու ու դրա մասը կազմելու հավասար հնարավորությունների երաշխավորումն է:
Նշենք, որ Արցախն արդեն 10 օր է տոտալ շրջափակման մեջ է։ Բացի այդ Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։