ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի չորրորդ զավակն է ծնվել։ Տեղեկությունը հայտնում է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը։
Նրա և կնոջ՝ Նանայի ընտանիքում լույս աշխարհ եկած փոքրիկին անվանակոչել են Մենուա Մելքոն Օզբիլիս։
«Շնորհավորում ենք ընտանիքին` որդու լույս աշխարհ գալու կապակցությամբ, իսկ փոքրիկին մաղթում խաղաղ ու անհոգ մանկություն»,– նշված է ակումբի շնորհավորանքի մեջ։
Արասը ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայկական ընտանիքում։ Իրեն անվանակոչել են Արաքս գետի անունով։
2009 թվականի փետրվարին «Այաքս»-ը Օզբիլիսի հետ 2.5 տարվա պայմանագիր էր ստորագրել։ Նույն թվականի հունիսի 9-ին, հարձակվողական կիսապաշտպանը ճանաչվեց ամենատաղանդավորը երիտասարդների կազմում։
2010 թվականի մայիսի կեսերին Օզբիլիսը հրավեր է ստանում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայից` մասնակցելու երիտասարդ հավաքականի հավաքին։ Ֆուտբոլիստը մինչ այդ երբեք չէր եղել Հայաստանում։
2023 թ. հունվարին Օզբիլիսը պայմանագիր է կնքում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հետ։