ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՌԴ-ում «Վագների» շուրջ վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները ՌԴ –ի ներքին գործն են։ Այս մասին CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ես չեմ ուզում շահարկել այդ թեման։ Դա Ռուսաստանի ներքին գործն է»,- ասել է Բլինկենը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնի կարծիքով «Վագների» հետ կապված վերջին իրադարձությունները կարո՞ղ են վտանգ ներկայացնել Ռուսաստանի իշխանությունների համար։
Հիշեցնենք` Դոնի Ռոստովում հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը «Վագներ» ՄՌԿ–ի ուժերը գրավել էին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Քաղաքում զինված մարդկանց խմբեր էին տեղաշարժվում, քաղաքի ելումուտը վերահսկվում էր հսկիչ կետերով։ Այս ամենը տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարության ֆոնին։ Նա ասել էր, իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագների» ճամբարներին, ինչը հերքել է և՛ ՊՆ–ն, և՛ ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողությունները որակել էր հանցավոր արկածախնդրություն, հարված Ռուսաստանի մեջքին և դավաճանություն, որին հանգեցրել են մեծ հավակնություններն ու անձնական շահերը։
Մոսկվայի, Մոսկվայի և Վորոնեժի մարզերի տարածքներում հնարավոր ահաբեկչությունները կանխելու նպատակով հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ էր սահմանվել։