ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ «Վագների» մարտիկները պետք է սեփական ժողովրդի հետ լինեն։
««Վագների» մարտիկները պետք է կատարեն միակ ճիշտ ընտրությունը` լինել սեփական ժողովրդի հետ, հարգել օրենքը, պաշտպանել հայրենիքի անվտանգությունն ու ապագան, կատարել գերագույն գլխավոր հրամանատարի հրամանները։ Մնացածը դավաճանություն է»,– գրել է Վոլոդինը Telegram–ի իր ալիքում։
Նրա խոսքով` Պետդումայի պատգամավորները, ներկայացնելով ՌԴ քաղաքացիների շահերը, հանդես են գալիս հանուն ուժերի համախմբման, սատարում են ՌԴ գերագույն գլխավոր հրամանատարին` նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Մեր դեմ ընդհանուր արտաքին թշնամին է, որն առաջ է մղում նացիզմի գաղափարախոսությունը` ոչնչացնում է ՌԴ քաղաքացիներին, սպառնում մեր երկրի անվտանգությանը։ Այս իրավիճակում պետք է էլ ավելի շատ համախմբվել և անել ամեն բան հաղթանակի համար», – ընդգծել է Վոլոդինը։
Ավելի վաղ սոցցանցերում Եվգենի Պրիգոժինի անունից տեղեկություն էր տարածվել այն մասին, որ իբր ՌԴ ՊՆ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագներ» ՄՌԿ–ի թիկունքային ստորաբաժանումներին։ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են։ «Վագներ» խմբի ճամբարին իբր հասցված հարվածի հետևանքների մասին տեսանյութը ռուսական Առաջին ալիքը բեմադրած է որակել։
ՌԴ ԱԴԾ–ի քննչական վարչությունը Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 279-րդ հոդվածով (զինված ապստամբություն կազմակերպելու փաստով)։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին իր այսօրվա ուղերձում հայտարարեց, որ ապստամբության փորձ իրականացնելու համար բոլոր մեղավորներն անխուսափելի պատիժ կկրեն, պատասխան կտան օրենքի և ժողովրդի առաջ։