Թվերը խոսուն են. Սաֆարյանը` ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցության էֆեկտի մասին

Փորձագետը նշում է, որ Հայաստանի տնտեսական հաջողությունները չեն ազդում քաղաքացիների կենսամակարդակի վրա, ինչը բացատրվում է լիբերալ տնտեսության ներկայիս կառուցվածքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. 8 տարվա ընթացքում ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտուրը բարցարձակ թվերով (մլն դոլար) 10 անգամ աճել է։ 2015 թվականին Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների մասնաբաժինը Հայաստանից արտահանման մեջ կազմում էր 15,9%, ներմուծման մեջ` 20,5%։ 2022 թվականին այս ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 46,8% և 31,5%։
ՀՀ–ն զգացել է ԵԱՏՄ-ի ազդեցությունը, բայց նոր պրոակտիվ ռազմավարություն է պետք․ ակադեմիկոս
Սրանք տպավորիչ թվեր են, որոնք վկայում են, որ ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը ճիշտ որոշում էր։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արամ Սաֆարյանը։
Տպավորիչ են նաև 2021-2022 թվականների տվյալները, մասնավորապես Հայաստանի ՀՆԱ–ի աճը կազմել է ավելի քան 7%, իսկ 2022 թվականին թվերը կրկնապատկվել են։ Այսօր ամենակարևոր հարցն այն է, որ բոլոր այս դրական տնտեսական արդյունքները սկսեն ազդել մեր քաղաքացիների սոցիալական վիճակի և կենսամակարդակի վրա։
«Ներկա պահին մեր երկրում ապշեցնող գործընթացներ են տեղի ունենում. Հայաստանի ՀՆԱ–ի աճի ֆոնին մեզ մոտ աճում է աղքատության մակարդակը, որն այսօր կազմում է 41%։ Հայաստանի տնտեսական հաջողությունները չեն ազդում քաղաքացիների կենսամակարդակի վրա, ինչը բացատրվում է լիբերալ տնտեսության ներկայիս կառուցվածքով։ ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային երկրներում սկսեցին լիբերալ շուկայական հարաբերություններ ձևավորվել, իսկ բուն շուկա հասկացությունը հռչակվեց բարձրագույն արժեք տնտեսության մեջ։ Այդ ամենը մեզ մոտ հենց այդպես էր տեղի ունենում, մինչև Արևմուտքում ակտիվորեն սկսեցին կյանքի կոչել սոցիալական քաղաքականությունը բնակչության բոլոր շերտերի համար», – ընդգծեց Սաֆարյանը։
Փորձագետը նշում է, որ 2024 թվականին Հայաստանը կրկին նախագահելու է ԵԱՏՄ–ում, և մեզ պետք է անպայման այդ հարցում ավելի նախաձեռնող և ակտիվ լինել։ Հայ հասարակական-քաղաքական դաշտում պետք է ընդարձակ բանավեճեր լինեն հասկանալու համար, թե ինչ երկրում ենք ուզում ապրել և ինչ ինտեգրացիոն տարածքում։ Ներկայիս պայմաններում, երբ Ռուսաստանի և Արևմուտքի միջև լուրջ առճակատում կա, ԵԱՏՄ–ի դերը զգալի մեծացել է, այդ իսկ պատճառով մենք պետք է նոր պայմաններում հասկանանք նաև մեր դերն ու տեղը, որպեսզի չհայտնվենք խոշոր խաղացողների բախման էպիկենտրոնում և պահպանենք մեր չեզոքությունը։
ԵԱՏՄ-ում արդյունաբերական նախագծերի ֆինանսավորման մեխանիզմը կգործի 2024 թվականին․ Օվերչուկ
Սաֆարյանն նշում է, որ նոր ներդրումներ գրավելու նպատակով Հայաստանը պետք է նոր հնարավորություններ օգտագործի, առավել ևս, որ 2023 թվականին ՀՆԱ–ի աճը կարող է 5%–ից ավել կազմել։
Փորձագետի խոսքով` 2025 թվականի հետո ԵԱՏՄ զարգացման երեք սցենար կա այսօր. դրականը այն է, որ տնտեսական ինտեգրումից հետո կարող է քաղաքական ինտեգրացիա լինել, այսինքն ավելի խորը ինտեգրացիա, որը ԵԱՏՄ–ն ավելի նման կդարձնի ԵՄ–ին։ Երկրորդ սցենարը և ավելի չափավոր այն է, որ ԵԱՏՄ–ն ավելի մեծ թվով տնտեսական գործընկերներ կունենա ի դեմս Չինաստանի և այլ երկրների։ Եվ երրորդ սցենարը, առավել բացասական, կապված է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների հետ։
Սաֆարյանը նաև մի շարք առաջարկներ է ներկայացրել, որոնք կարող են բարձրացնել Հայաստանի կշիռն ու նշանակությունը եվրասիական ինտեգրացիոն տիրույթում։
Շատ կարևար է (և դա պետք է անեն ՀՀ իշխանությունները) թույլ չտալ, որ Հայաստանը դառնա հասարակական-քաղաքական ուժերի բախման դաշտ աշխարհաքաղաքական կրքերի հիման վրա։ Դա Հայաստանի շահերից չի բխում, նշեց նա։
Նրա կարծիքով` ԵԱՏՄ–ին անդամակցելը Հայաստանին թույլ է տվել բացահայտել տնտեսական ներուժն ու ապահովել տնտեսության աստիճանական զարգացում, ինչը պետք է անդրադառնա նաև հասարակույան սոցիալական վիճակի վրա։