ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին «Վագներ» ՄՌԿ–ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի զինված ապստամբության փորձի առնչությամբ հայտարարել է, որ Թեհրանը աջակցում է օրենքի գերակայությանը։
«ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին Ռուսաստանում տեղի ունեցած միջադեպը որակել է որպես երկրի ներքին գործ և հավելել, որ Իրանը սատարում է ՌԴ–ում օրենքի գերակայությանը», – ասվում է ԻԻՀ ԱԳՆ–ի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ավելի վաղ սոցցանցերում Եվգենի Պրիգոժինի անունից տեղեկություն էր տարածվել այն մասին, որ իբր ՌԴ ՊՆ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագներ» ՄՌԿ–ի թիկունքային ստորաբաժանումներին։ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են։
Պրիգոժինի հայտարարությունից հետո հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը «Վագների» ուժերը Դոնի Ռոստովում գրավել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը: Քաղաքում տեղաշարժվում են զինված մարդկանց խմբեր, մուտքերի և ելքերի վրա տեղակայված են հսկիչ կետեր։
ՌԴ ԱԴԾ–ի քննչական վարչությունը Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 279-րդ հոդվածով (զինված ապստամբություն կազմակերպելու փաստով)։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին իր այսօրվա ուղերձում հայտարարեց, որ ապստամբության փորձ իրականացնելու համար բոլոր մեղավորներն անխուսափելի պատիժ կկրեն, պատասխան կտան օրենքի և ժողովրդի առաջ։