Ռուսաստանից Հայաստան ժամանող ինքնաթիռների տոմսերը շուրջ 10 անգամ թանկացել են

Հունիսի 25-ի համար Մոսկվա–Երևան չվերթի տոմսեր չկան, եթե անգամ հայտնվում են այդպիսիները, ապա «էկոնոմ» դասի տոմսերն արժեն 900.000-1.000.000 դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ռուսաստանում ստեղծված իրավիճակի պատճառով մի շարք ավիաընկերություններ դեպի Երևան չվերթերի տոմսերի գինը մեկ օրում «թռցրել են»` շուրջ 80.000-ից դարձնելով մոտավորապես 1.000.000 դրամ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տուրօպերատորներից մեկը հայտնեց, որ հունիսի 25-ի համար Մոսկվա–Երևան չվերթի տոմսեր արդեն չկան։
Նման իրավիճակը կախված է «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության կողմից Ռուսաստանում ռազմական հեղաշրջման փորձի հետ։
«Առավոտյան հունիսի 25-ի համար տոմսեր կային, արժեին 240.000-300.000 դրամի սահմաններում։ Այդ օրվա տոմսերն արդեն սպառվել են։ Այսօր հունիսի 26-ի համար տոմս ենք դուրս գրել 140.000 դրամով, ինչն այս պահի դրությամբ էժան է համարվում»,– ասացին տուրիստական գործակալությունից` նշելով, որ մինչ օրս Մոսկվա–Երևան տոմսերի գները միջինում 80.000-90.000 դրամ էին։
Մեկ այլ ընկերությունից էլ հայտնեցին, որ մինչ այս պահը, չհաշված 2022 թվականի մոբիլիզացիայի օրերը (սեպտեմբեր,– խմբ.), գները բավականին կարգավորվել էին։ Ռուսաստանի տարբեր քաղաքներից Հայաստան տոմսերի արժեքը տատանվում էր 60.000-120.000 դրամի սահմաններում։ Գիշերվանից սկսած ավիատոմսերն արագ սպառվում են, իսկ գինը բարձրացել է. եթե նույնիսկ հնարավոր է լինում վաղվա թռիչքի տոմս գտնել, ապա 1.000.000 դրամով միայն։ Հունիսի 26-ի կամ 27-ի թռիչքների տոմսերն էլ այսօր 17։00–ի դրությամբ մոտ 400.000-500.000 դրամ են կազմում։
Անդրադառնալով Սանկտ Պետերբուրգ, Միներալնիե Վոդի և Սոչի քաղաքներից Երևան ժամանող չվերթերին, տուրիստական ընկերությունից հայտնեցին, որ դրանց գումարներն էլ մոտավորապես 600.000-700.000 դրամ են կազմում։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքում առկա տեղեկություններից էլ պարզ է դառնում, որ Սանկտ Պետերբուրգ, Մոսկվայ, Սոչի ու Միներալնիե Վոդի քաղաքներից Երևան ժամանող չվերթերը նախանշված ժամերից ուշ են հասնելու։
Հիշեցնենք` ավելի վաղ սոցցանցերում Եվգենի Պրիգոժինի անունից տեղեկություն էր տարածվել այն մասին, որ իբր ՌԴ ՊՆ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագներ» ՄՌԿ–ի թիկունքային ստորաբաժանումներին։ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են։
Պրիգոժինի հայտարարությունից հետո հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը «Վագների» ուժերը Դոնի Ռոստովում գրավել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը: Քաղաքում տեղաշարժվում են զինված մարդկանց խմբեր, մուտքերի և ելքերի վրա տեղակայված են անցակետեր։
ՌԴ ԱԴԾ–ի քննչական վարչությունը Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 279-րդ հոդվածով (զինված ապստամբություն կազմակերպելու փաստով)։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին ուղղված իր այսօրվա ուղերձում հայտարարեց, որ ապստամբության փորձ իրականացնելու համար բոլոր մեղավորներն անխուսափելիորեն պատիժ կկրեն, պատասխան կտան օրենքի և ժողովրդի առաջ։