ՌԴ–ի հետ սահմանը չի փակվելու. Վրաստանի ԱԳՆ–ն` «Վագների» հետ կապված իրավիճակի մասին

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ սահմանային «Դարյալ» անցակետում իրավիճակը հանգիստ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Վրաստանի արտգործնախարարությունը վստահեցնում է` Ռուսաստանի հետ սահմանը չեն փակելու։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Վրաստանը` վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Ելնելով հանրության հետաքրքրվածության բարձր աստիճանից` ցանկանում ենք հայտարարել, որ սահմանային «Դարյալ» անցակետում իրավիճակը հանգիստ է, այն սովորական ռեժիմով աշխատում է»,– ասված է գերատեսչության հաղորդագրությունում։
Նշենք, որ խոսքը «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության կողմից Ռուսաստանում ռազմական ապստամբության փորձի մասին է։
ԱԳ նախարարության տվյալներով` ոչ մի ուղղությամբ ուղևորների կամ տրանսպորտային միջոցների հոսքի ավելացում չի նկատվում։
Սա հարված է թիկունքից. Պուտինը` «Վագներ» ՄՌԿ–ի կողմից ռազմական ապստամբության փորձի մասին
Հիշեցնենք` ավելի վաղ սոցցանցերում Եվգենի Պրիգոժինի անունից տեղեկություն էր տարածվել այն մասին, որ իբր ՌԴ ՊՆ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագներ» ՄՌԿ–ի թիկունքային ստորաբաժանումներին։ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են։ Պրիգոժինի հայտարարությունից հետո հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը Դոնի Ռոստովում «Վագների» ուժերը գրավել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը: Քաղաքում տեղաշարժվում են զինված մարդկանց խմբեր, մուտքերի և ելքերի վրա տեղակայված են անցակետեր։
ՌԴ ԱԴԾ–ի քննչական վարչությունը Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 279-րդ հոդվածով (զինված ապստամբություն կազմակերպելու փաստով)։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին իր այսօրվա ուղերձում հայտարարեց, որ ապստամբության փորձ իրականացնելու համար բոլոր մեղավորներն անխուսափելի պատիժ կկրեն, պատասխան կտան օրենքի և ժողովրդի առաջ։