ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ բանակցություններ է վարել «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության (ՄՌԿ) ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ, հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
Պրիգոժինն ընդունել է Բելառուսի նախագահի առաջարկը Ռուսաստանի տարածքում «Վագների» շարժը դադարեցնելու և դեէսկալացիայի հետագա քայլերի վերաբերյալ:
Ողջ օրվա ընթացքում տևած բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի տարածքում արյունալի սպանդ սանձազերծելու անթույլատրելիության վերաբերյալ:
Նշվում է, որ այս պահին սեղանին իրավիճակը հանգուցալուծելու բացարձակապես շահավետ և ընդունելի տարբերակ է՝ «Վագներ» ՄՌԿ–ի մարտիկների անվտանգության երաշխիքներով:
Հիշեցնենք` Դոնի Ռոստովում հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը «Վագներ» ՄՌԿ–ի ուժերը գրավել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Քաղաքում զինված մարդկանց խմբեր են տեղաշարժվում, քաղաքի ելումուտը վերահսկվում է հսկիչ կետերով։ Այս ամենը տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարության ֆոնին։ Նա ասել էր, իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագների» ճամբարներին, ինչը հերքել է և՛ ՊՆ–ն, և՛ ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողությունները որակել է հանցավոր արկածախնդրություն, հարված Ռուսաստանի մեջքին և դավաճանություն, որին հանգեցրել են մեծ հավակնություններն ու անձնական շահերը։
Մոսկվայի, Մոսկվայի և Վորոնեժի մարզերի տարածքներում հնարավոր ահաբեկչությունները կանխելու նպատակով հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ է սահմանվել։