ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Մոսկվան զգուշացնում է Արևմուտքին չփորձել օգտվել իրավիճակից և Ռուսաստանում տիրող իրավիճակը սեփական նպատակներին ծառայեցնել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ–ն։
Գերատեսչությունը նշել է, որ զինված ապստամբության փորձը կտրուկ արձագանք է ստացել ՌԴ հանրության շրջանում, իսկ «դավադիրների արկածախնդիր ձգտումները, ըստ էության, միտված են Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելուն, միասնությունը քայքայելուն, միջազգային անվտանգության հուսալի պաշտպանությանն ուղղված ՌԴ ջանքերը խաթարելուն»։
«Այսպիսով` ապստամբությունը ձեռնտու է Ռուսաստանի արտաքին թշնամիներին։ Զգուշացնում ենք արևմտյան երկրներին, որ նույնիսկ չփորձեն այս իրավիճակն օգտագործել ի օգուտ սեփական ռուսատյաց նպատակներին հասնելու», – ասվում է ՌԴ ԱԳՆ–ի կայքում հրապարակած հայտարարության մեջ։
ԱԳՆ–ն նշել է, որ նման փորձերը դատապարտված են ձախողման և արձագանք չեն գտնի ո՛չ Ռուսաստանում, ո՛չ արտասահմանյան քաղաքական խելամիտ ուժերի շրջանում։
«Համոզված ենք, որ առաջիկայում իրավիճակը ՌԴ ժողովրդի և պետության դարավոր իմաստությանն արժանի լուծում կգտնի, և հատուկ ռազմական գործողութան բոլոր նպատակներն ու խնդիրները կիրականացվեն», – նշել է նախարարությունը։
Նշվում է, որ Ռուսաստանը կշարունակի ինքնիշխան ուղղվածությունը անվտանգության ապահովման, միջազգային դաշտում հեղինակության ամրապնդման, բազմաբևեռ արդար աշխարհակարգի ձևավորման համար, և որ Մոսկվան բարձր է գնահատում այդ սկզբունքային դիրքորոշման գիտակցումը դաշնակիցների և արտասահմանյան գործընկերների կողմից։
Հիշեցնենք` Դոնի Ռոստովում հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը «Վագներ» ՄՌԿ–ի ուժերը գրավել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Քաղաքում զինված մարդկանց խմբեր են տեղաշարժվում, քաղաքի ելումուտը վերահսկվում է հսկիչ կետերով։ Այս ամենը տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարության ֆոնին։ Նա ասել էր, իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագների» ճամբարներին, ինչը հերքել է և՛ ՊՆ–ն, և՛ ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողությունները որակել է հանցավոր արկածախնդրություն, հարված Ռուսաստանի մեջքին և դավաճանություն, որին հանգեցրել են մեծ հավակնություններն ու անձնական շահերը։ ՌԴ նախագահը հավելել է, որ բոլոր նրանք, ովքեր բռնել են դավաճանության, շանտաժի և ահաբեկչական մեթոդների ճանապարհը, անխուսափելի պատիժ կկրեն. ՌԴ ԶՈւ–ն դրա համար ստացել է անհրաժեշտ հրամանները։
Մոսկվայի, Մոսկվայի և Վորոնեժի մարզերի տարածքներում հնարավոր ահաբեկչությունները կանխելու նպատակով հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ է սահմանվել։