ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում «Վագներ» ՄՌԿ–ի հետ կապված իրավիճակի մասին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:
«Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ՌԴ-ում ծավալվող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են, կցանկանար տեղեկություններ ստանալ բարեկամ երկրում հաստատված իրադրության վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում:
ՌԴ նախագահը վարչապետին տեղեկացրել է վերջին զարգացումների մասին:
Հիշեցնենք` հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը «Վագներ» ՄՌԿ–ի ուժերը Դոնի Ռոստովում գրավել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Քաղաքում զինված մարդկանց խմբեր են տեղաշարժվում, քաղաքի ելումուտը վերահսկվում է հսկիչ կետերով։ Այս ամենը տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարության ֆոնին։ Նա ասել էր, իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագների» ճամբարներին, ինչը հերքել է և՛ ՊՆ–ն, և՛ ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողությունները որակել է հանցավոր արկածախնդրություն, հարված Ռուսաստանի մեջքին և դավաճանություն, որին հանգեցրել են մեծ հավակնություններն ու անձնական շահերը։
Մոսկվայի, Մոսկվայի և Վորոնեժի մարզերի տարածքներում հնարավոր ահաբեկչությունները կանխելու նպատակով հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ է սահմանվել։
Հունիսի 24–ի երեկոյան հայտնի դարձավ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ ողջ օրվա ընթացքում բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ, ի վերջո Պրիգոժինն ընդունել է Բելառուսի նախագահի առաջարկը Ռուսաստանի տարածքում «Վագների» շարժը դադարեցնելու և դեէսկալացիայի հետագա քայլերի վերաբերյալ: