ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հունիսի 26 - ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հայտարարվել է ոչ աշխատանքային օր՝ բացառությամբ իշխանության մարմինների և շարունակական ցիկլի ձեռնարկությունների, պաշտպանական-արդյունաբերական համալիրի, քաղաքային ծառայությունների։ Տեղեկությունը հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
«Մոսկվայում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է հայտարարվել։ Իրավիճակը բարդ է։ Ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով ես օպերատիվ շտաբի շրջանակներում որոշում եմ կայացրել երկուշաբթին հայտարարել ոչ աշխատանքային օր՝ բացառությամբ իշխանության մարմինների և շարունակական ցիկլի ձեռնարկությունների, պաշտպանական-արդյունաբերական համալիրի, քաղաքային ծառայությունների»,–նշել է Սոբյանինը։
Նա խնդրել է հնարավորինս զերծ մնալ քաղաքում շրջելուց` տեղեկացնելով, որ հնարավոր է երթևեկության փակում առանձին թաղամասերում և առանձին ճանապարհներին:
Սոբյանինը հորդորել է արտակարգ իրավիճակների և պատահարների մասին ժամանակին տեղեկացնել 112 ծառայությանը:
«Քաղաքային ծառայություններն աշխատում են բարձր պատրաստվածության ռեժիմով»,–նշել է նա։
Հիշեցնենք` ավելի վաղ սոցցանցերում Եվգենի Պրիգոժինի անունից տեղեկություն էր տարածվել այն մասին, որ իբր ՌԴ ՊՆ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագներ» ՄՌԿ–ի թիկունքային ստորաբաժանումներին։ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են։
Պրիգոժինի հայտարարությունից հետո հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը «Վագների» ուժերը Դոնի Ռոստովում գրավել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը: Քաղաքում տեղաշարժվում են զինված մարդկանց խմբեր, մուտքերի և ելքերի վրա տեղակայված են հսկիչ կետեր։
ՌԴ ԱԴԾ–ի քննչական վարչությունը Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 279-րդ հոդվածով (զինված ապստամբություն կազմակերպելու փաստով)։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին ուղղված իր այսօրվա ուղերձում հայտարարեց, որ ապստամբության փորձ իրականացնելու համար բոլոր մեղավորներն անխուսափելի պատիժ կկրեն, պատասխան կտան օրենքի և ժողովրդի առաջ։