Մոսկվայում և Մոսկվայի մարզում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել

Որոշումը կայացվել է հնարավոր ահաբեկչական գործողությունները կանխելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի և Մոսկվայի մարզի տարածքում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։ Այս մասին հայտնում է Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Հնարավոր ահաբեկչական գործողությունները կանխելու նպատակով Մոսկվա քաղաքի և Մոսկվայի մարզի տարածքում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ սոցցանցերում Եվգենի Պրիգոժինի անունից տեղեկություն էր տարածվել այն մասին, որ իբր ՌԴ ՊՆ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագներ» ՄՌԿ–ի թիկունքային ստորաբաժանումներին։ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են։ «Վագներ» խմբի ճամբարին իբր հասցված հարվածի հետևանքների մասին տեսանյութը ռուսական Առաջին ալիքը բեմադրած է որակել։
ՌԴ ԱԴԾ–ի քննչական վարչությունը Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 279-րդ հոդվածով (զինված ապստամբություն կազմակերպելու փաստով)։