ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարարությունն անհրաժեշտ և կենսական է համարում միջազգային մեխանիզմի շրջանակներում Ստեփանակերտ–Բաքու երկխոսության միջոցով Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայության իրավունքների և անվտանգության հասցեագրումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԳ նախարարությունը պնդում է, որ Ադրբեջանի անկեղծ չէ, երբ ասում է, թե իրենք Հարավային Կովկասում ցանկանում են խաղաղության հասնել, քանի որ միաժամանակ սպառնալիքներ և սադրանքներ են կիրառվում Հայաստանի ինքնիշխան տարածքի, ինչպես նաև ԼՂ հայության նկատմամբ։
Նշվում է, որ այդ բոլոր գործողությունները տանում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների։
Գերատեսչությունից ընդգծում են, որ ասվածի ամենաթարմ վկայությունը 2023թ. հունիսի 22-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում բետոնե պատնեշների տեղադրումն է և մարդկանց, բեռների ու տրանսպորտի որևէ տեղաշարժի բացառումը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ տարածաշրջանում իրական և տևական խաղաղություն կառուցելու նպատակով Հայաստանը և Ադրբեջանը բանակցային գործընթացում պետք է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնեն գոյություն ունեցող բոլոր խնդիրների համար։
Նշվում է, որ միայն այդպես կկանխվեն ատելության և թշնամանքի հետագա դրսևորումները:
«Այդ խնդիրների թվին պատկանում են ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման համար ամուր իրավական հիմքերի ամրագրումը, տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, այնպես էլ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հստակ երաշխավորումը: Ընդ որում, համոզված ենք, որ վերջինիս պարագայում լավագույն ճանապարհն ուղիղ և բովանդակային քննարկումներն են Բաքվի և Ստեփանակերտի միջև՝ միջազգային մասնակցությամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Այս համատեքստում ԱԳՆ–ն հիշեցրել է նաև այն, որ ադրբեջանական կողմը սոցցանցերով, տեղում բարձրախոսների միջոցով հնչեցնում է հայտարարություններ, որոնցով ահաբեկում է ԼՂ խաղաղ բնակչությանը։
Նշվում է, որ այս գործողություններն իրականացվում են՝ ի հեճուկս ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված պարտադիր իրավաբանական ուժ ունեցող որոշումների և միջազգային հանրության կողմից հնչող բազմաթիվ կոչերի։
«Այս պայմաններում միջազգային հանրությունը չի կարող կույր ձևանալ և պատրանքներ ունենալ, թե ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը կարող են հասցեագրվել առանց միջազգային հատուկ և անհետաձգելի ուշադրության, ներգրավման և ջանքերի: Անհրաժեշտ ենք համարում կրկին ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է անկեղծ ջանքերի գործադրումը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։
Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից:
Հունիսի 23–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը բետոնե արգելապատնեշ է տեղադրել Լաչինի միջանցքում ու փակել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։