Լաչինի միջանցքում արգելապատնեշի տեղադրումը էթնիկ զտման ևս մեկ ազդակ է. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ–ը շեշտել է, որ ներկա իրավիճակը պարարտ հող է նախապատրաստում հիմնարար իրավունքների շարունակական խախտումների և էթնիկ զտման համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը մարդու իրավունքների պաշտպանության մանդատակիր միջազգային կազմակերպություններին և դերակատարներին կոչ է արել ներդնել բոլոր ջանքերը՝ օր առաջ բացելու Լաչինի միջանցքը՝ բացառելով մարդու հիմնարար իրավունքների նոր ու աննախադեպ խախտումների իրականացումը և էթնիկ զտման քաղաքականության վերջնական իրագործումը: Այս մասին հայտնում է ՄԻՊ–ի գրասենյակը։
Հունիսի 23–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը բետոնե արգելապատնեշ է տեղադրել Լաչինի միջանցքում ու փակել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
Մանասյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին բետոնե արգելապատնեշի տեղադրումն առավել է սրում Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ առաջացած հումանիտար ճգնաժամը:
«Հատուկ արձանագրում եմ, որ արգելապատնեշի տեղադրումն արցախահայությանը լրացուցիչ հոգեբանական ճնշումների ենթարկելու, միջազգայնորեն ճանաչված հիմնարար իրավունքների՝ կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի, բավարար կենսամակարդակի ապահովման, սննդի հասանելիության, առողջության պահպանման, ինչպես նաև երեխաների և այլ խոցելի խմբերի իրավունքների աննախադեպ խախտումների իրականացման և էթնիկ զտման ևս մեկ ազդակ է»,–ասվում է ՀՀ ՄԻՊ–ի հայտարարության մեջ:
Նա նշել է, որ մարդասիրական աղետն Արցախում օր օրի ահագնացող չափերի է հասնում, քանի որ ամբողջապես արգելափակված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շնորհիվ արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը և բժշկական պարագաների ու դեղորայքի մատակարարումը Արցախ ։
«Խիստ մտահոգիչ է պաշտպանի աշխատակազմում ստացված տեղեկությունը, համաձայն որի՝ մեկ տարեկան երեխան գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, ունի անհապաղ Հայաստան տեղափոխման կարիք, որը ստեղծված իրավիճակով պայմանավորված` չի իրականացվում»,–ասվում է Մանասյանի հայտարարության մեջ։
Նա նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր բազմիցս տարաբնույթ ձևաչափերով մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին ներկայացրել է արգելափակման հումանիտար հետևանքները՝ արձանագրելով, որ ներկա իրավիճակը պարարտ հող է նախապատրաստում հիմնարար իրավունքների շարունակական խախտումների և էթնիկ զտման համար:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին։
Մինչ այդ` 2022 թվականի փետրվարի 22-ին, Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառեց` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։ Այս որոշումը ոչ միայն չկիրառվեց, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
Հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։
Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: