ՀՀ քաղաքացիները Դոնի Ռոստովում կարող են կապ հաստատել հյուպատոսության հետ. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակը նշել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Մոսկվայում ՀՀ դեսպանության թեժ գծի հեռախոսահամարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված, մարզում գտնվող ՀՀ քաղաքացիներն ըստ անհրաժեշտության կարող են կապ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ Խոսնակ Անի Բադալյանը։
«ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է աշխատել բնականոն հունով»,–նշել է Բադալյանը։
Հյուպատոսության հեռախոսահամարը հետևյալն է` +7 989 502 96 50։
Մոսկվայում ՀՀ դեսպանության թեժ գիծ՝ +7 926 806 50 01։
Հիշեցնենք` ավելի վաղ սոցցանցերում Եվգենի Պրիգոժինի անունից տեղեկություն էր տարածվել այն մասին, որ իբր ՌԴ ՊՆ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագներ» ՄՌԿ–ի թիկունքային ստորաբաժանումներին։ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են։ Պրիգոժինի հայտարարությունից հետո հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը Դոնի Ռոստովում «Վագների» ուժերը գրավել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը: Քաղաքում տեղաշարժվում են զինված մարդկանց խմբեր, մուտքերի և ելքերի վրա տեղակայված են անցակետեր։
ՌԴ ԱԴԾ–ի քննչական վարչությունը Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 279-րդ հոդվածով (զինված ապստամբություն կազմակերպելու փաստով)։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին իր այսօրվա ուղերձում հայտարարեց, որ ապստամբության փորձ իրականացնելու համար բոլոր մեղավորներն անխուսափելի պատիժ կկրեն, պատասխան կտան օրենքի և ժողովրդի առաջ։