Երևանի քաղաքապետի պաշտոնին հավակնում է նաև ՀՀ արդարադատության նախկին նախարարը

Երևանի քաղաքապետի ընտրությունները նախանշված են 2023 թվականի աշնանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետի պաշտոնին հավակնում է նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը։ Տեղեկությունը հայտնում է «Հանրապետություն» կուսակցության մամուլի ծառայությունը։
««Հանրապետություն» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները նախատեսված են 2023 թվականի աշնանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Սեպտեմբերի 23-ին նա Երևանի փոխքաղաքապետ նշանակվեց։
Ընտրություններին կմասնակցեն նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ինչպես նաև «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։
ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։