Էրդողանը զանգել է Պուտինին և լիակատար աջակցություն հայտնել նրան

Ավելի վաղ ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի, Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է երկրում տիրող իրավիճակի մասին՝ կապված զինված ապստամբության փորձի հետ:
«Թուրքիայի Հանրապետության Նախագահը լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարության քայլերին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։
Ավելի վաղ ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի, Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահների հետ:
Հիշեցնենք` ավելի վաղ սոցցանցերում Եվգենի Պրիգոժինի անունից տեղեկություն էր տարածվել այն մասին, որ իբր ՌԴ ՊՆ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագներ» ՄՌԿ–ի թիկունքային ստորաբաժանումներին։ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են։ Պրիգոժինի հայտարարությունից հետո հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը Դոնի Ռոստովում «Վագների» ուժերը գրավել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը: Քաղաքում տեղաշարժվում են զինված մարդկանց խմբեր, մուտքերի և ելքերի վրա տեղակայված են հսկիչ կետեր։
ՌԴ ԱԴԾ–ի քննչական վարչությունը Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 279-րդ հոդվածով (զինված ապստամբություն կազմակերպելու փաստով)։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին իր այսօրվա ուղերձում հայտարարեց, որ ապստամբության փորձ իրականացնելու համար բոլոր մեղավորներն անխուսափելի պատիժ կկրեն, պատասխան կտան օրենքի և ժողովրդի առաջ։