ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ամերիկացի սենատորների շահարկումներն Ուկրաինայում Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու հնարավորության մասին անհեթեթ են և նպաստում են էսկալացիային, հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը ԶԼՄ-ների համար տարածած մեկնաբանության մեջ:
Հունիսի 22-ին ամերիկացի սենատորները քննարկման էին ներկայացրել բանաձև այն մասին, թե Ռուսաստանի կողմից Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու դեպքում, այն պետք է գնահատվի որպես հարձակում ՆԱՏՕ-ի վրա: Բանաձևը, անգամ ընդունման դեպքում, գործադիր իշխանության համար պարտադիր բնույթ չի կրելու և մնալու է միայն որպես խորհրդատվություն:
«Ռուսաստանի կողմից մարտավարական միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին շահարկումներն անհեթեթ են։ ԱՄՆ օրենսդիրների սադրիչ և անհեռատես արտահայտությունները միայն նպաստում են իրավիճակի սրմանը և էլ ավելի վտանգավոր սահմանագծի են մոտեցնում», - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է ԱՆտոնովը։
Նա բանաձևն անվանել է ամերիկացի ռուսատյաց սենատորների հերթական «անհեթեթ նախաձեռնությունը»։
Դեսպանն ընդգծել է, որ Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու ՌԴ որոշումը կայացվել է օրինական հիմքերով:
«Մենք չենք խախտել ոչ մի միջազգային պարտավորություն և արել ենք ճիշտ այն, ինչ անում են ամերիկացիները տասնամյակներ շարունակ՝ միջուկային ռումբեր տեղակայելով եվրոպական դաշնակիցների տարածքներում», - ասել է ռուս դիվանագետը:
Նա ենթադրել է, որ ամերիկացի սենատորների խոսքերի հետևում թաքնված է աշխարհը Զապորոժիեի ԱԷԿ-ում սադրանքի նախապատրաստելու ձգտումը՝ այնտեղ «կեղտոտ ռումբ» դնելով ու միջադեպի մեջ Ռուսաստանին մեղադրելով։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ միջուկային զենքի օգտագործումը տեսականորեն հնարավոր է, եթե սպառնալիք է ստեղծվում ռուսական պետության գոյության, դրա անկախության և ինքնիշխանության համար: Միևնույն ժամանակ պետության ղեկավարն ընդգծել է, որ միջուկային զենքը ստեղծվում է, որ ապահովվի ՌԴ անվտանգությունը բառի ամենալայն իմաստով, բայց Ռուսաստանը դրա կիրառման անհրաժեշտություն չունի: