ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի («Լիսկա») որդու` Տիգրան Խաչատրյանի նկատմամբ դատարանը որոշում է կայացրել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, դատարանը բավարարել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունից ներկայացված միջնորդությունը։
Երեկ հայտնել էինք, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել hրազենի ապօրինի շրջանառություն և խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ հոդվածներով։
Ըստ նախաքննությամբ ստացված փաստական տվյալների՝ Խաչատրյանը հունիսի 19-ին ժամը 20․30-ի սահմաններում իրեն պատկանող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է ավտոտեխսպասարկման կետ, որտեղ պարզաբանումներ կատարելու ընթացքում, չնչին առիթն օգտագործելով և հանդուգն վարքագիծ դրսևորելով, խուլիգանական դրդումներով, վիճաբանություն է հրահրել աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։
Ապա, ավտոտեխսպասարկման կետի հարևանությամբ գտնվող քաղաքացիների, թաղամասի բնակիչների, սպասարկման կետերի անդորրը խախտելով, իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքը և հեռացել դեպքի վայրից:
Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ Տիգրան Խաչատրյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։
Հիշեցնենք` Տիգրան Խաչատրյանին 2022 թվականի մայիսի 30-ին ձերբակալել էին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասի հիմքով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։ Հուլիսի 30-ին նա ազատ էր արձակվել։