Սևան–Երևան ճանապարհին վեճի ժամանակ 32-ամյա երիտասարդը դանակահարել է 46-ամյա տղամարդուն

Արխիվային լուսանկար
Դանակահարությունից հետո 32-ամյա տղամարդը խոստովանել է, որ ինքն է հարվածել, դանակն էլ նետել է դաշտամիջյան հատված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Սևան–Երևան ճանապարհի 58-րդ կմ հատվածում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 32-ամյա տղամարդը դանակահարել է 46-ամյա բնակչին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի մասին հիվանդանոցից ահազանգը ստացվել է հունիսի 22-ին, ժամը 20։00-ին։ Նշվել էր, որ ուսի շրջանի կտրած–ծակած վերքով բուժօգնության է դիմել Երևանի 46-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Սևան քաղաքում ընկնելու հետևանքով։
«Պարզվել է, որ 46-ամյա երևանցին վնասվածքն իրականում ստացել է գեղամավանցի 32-ամյա տղամարդու հետ վիճաբանության ընթացքում։ Երիտասարդը հունիսի 23-ի ժամը 01։35-ին Սևանի թերակղզու լողափերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Սևանի բաժին, որտեղ խոստովանել է, որ վիճաբանության ժամանակ ինքն է դանակով հարվածել 46-ամյա տղամարդուն, իսկ դանակը նետել է նշված ճանապարհի դաշտամիջյան հատված»,– ասված է հաղորդագրությունում:
Գեղամավանցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին: