Պետական գաղտնիք. վարչապետի աշխատակազմը հրաժարվում է ասել` Փաշինյանն ինչ է նվիրել Էրդողանին

ՀՀ վարչապետն ու Թուրքիայի նախագահը
Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելուց առաջ շնորհավորել էր նրան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմը հրաժարվում է հայտնել, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է նվիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին երդմնակալության արարողության ժամանակ։
Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ, որտեղից մեզ պատասխանել են, որ միջոցառմանը մասնակցելու շրջանակում ապրանքների/նվերների գնումը կատարվել է պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի հաշվին:
«Վերոգրյալը նշանակում է, որ նման միջոցառումներին վերաբերող տվյալները ներառված են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում։ Հետևաբար այդ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ», - ասված է պատասխանում։
Նշենք, որ նամակը վարչապետի աշխատակազմ էինք ուղարկել դեռ հունիսի 6-ին, սակայն պատասխանն այսօր ենք ստացել։
ԶԼՄ-ներում տարածված տեղեկություններից մեկի համաձայն՝ որպես նվեր Հայաստանի վարչապետը Էրդողանի պատկերով գորգ է հանձնել Թուրքիայի նախագահին։ Դրա պաշտոնական հաստատում չի եղել։
Հիշեցնենք, որ Փաշինյանը հունիսի 3-ին մասնակցեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Մինչ այդ նա շնորհավորել էր Էրդողանին Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթելու առիթով՝ հայտարարելով, որ սպասում է համատեղ աշխատանքի շարունակմանը՝ երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման համար: