Պատվաստված անասունները կկարողանան արածել սահմանային գոտում. ԱԱԾ

Հարևան Թուրքիայում դաբաղի տարածումն անհանգստություն է առաջացրել Հայաստանի սահմանամերձ գյուղերի ֆերմերների մոտ, քանի որ շատերն անասուններին արածեցնում են պահպանվող տարածքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Պատվաստված անասունների տերերը կկարողանան կենդանիներին արածեցնել սահմանամերձ գոտում։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից։
Ավելի վաղ գրել էինք, որ գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանում Շիրակի մարզի սահմանամերձ գյուղական համայնքներում նոր խնդիր է առաջացել։ Մասնավորապես, գյուղացիներն անհանգստացած են հարևան Թուրքիայում գրանցված դաբաղի դեպքերից:
«Հակադաբաղային պատվաստումը հավաստող «N1» անասնաբուժական վկայականի առկայության դեպքում կենդանիների մուտքը սահմանային գոտի սահմանափակված չէ», - հայտնեցին ԱԱԾ-ից:
Այնտեղ արոտավայրեր գրեթե չկա, և այդ գյուղերում անասուններն արածեցնում են հենց սահմանի մոտ։ Լինում են դեպքեր, երբ երկու կողմերի անասունները արածում են շատ մոտ հեռավորության վրա և ջուր են խմում ընդհանուր աղբյուրներից։
Հիշեցնենք, որ Հայաստանը դաբաղի տարածման վտանգի պատճառով 2023 թվականի մայիսի 20-ից արգելել էր Թուրքիայից և Հորդանանից մի շարք տեսակների անասունների և մսի ներմուծումը երկիր։
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն իր հերթին տեղեկացրել է, որ հունիսի 12-25-ը հանրապետության ողջ տարածքում իրականացվելու է անասունների պատվաստում: