ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի «Ba3» սուվերեն վարկանիշը (Ba3-ը երկարաժամկետ պարտատոմսերի վարկանիշ է)՝ հեռանկարը փոխելով «բացասական»-ից դեպի «կայուն»։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
«Վարկանիշի հեռանկարի վերանայման հիմքում ընկած է գործակալության այն գնահատումը, որ Հայաստանի տնտեսական և հարկաբյուջետային հեռանկարները բարելավվել են, իսկ ռիսկերը հավասարակշռված են՝ համեմատած նախորդ վարկանիշի շնորհման (2022թ. մարտ) ժամանակ դեպի ներքև ռիսկերի գերակշռության հետ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Վարկանիշային գործակալության գնահատմամբ՝ նախորդ տարի Հայաստանի տնտեսական և հարկաբյուջետային ցուցանիշները զգալիորեն բարելավվել են՝ պայմանավորված կապիտալի և աշխատուժի ներհոսքով։ Ակնկալվում է, որ դրանց մի մասը կպահպանվի:
Անդրադառնալով 2022թ. երկնիշ` 12.6% տնտեսական աճին՝ վարկանիշային գործակալությունը կանխատեսում է, որ առաջիկա մի քանի տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական աճը կշարունակի կայուն մնալ: Մասնավորապես, 2023թ. համար կանխատեսվում է շուրջ 7% տնտեսական աճ, իսկ 2024թ. համար՝ 5-6%:
Բացի այդ, գործակալության կանխատեսումներով հարկաբյուջետային ցուցանիշները կկայունանան ներկայիս մակարդակի վրա, իսկ պարտքի բեռը կգտնվի նախահամավարակային շրջանից ավելի ցածր մակարդակում՝ առաջիկա տարիներին կայունանալով 45% մակարդակում և նպաստելով հարկաբյուջետային կայունության ամրապնդմանը:
Այնուամենայնիվ, երկրի տնտեսական և հարկաբյուջետային իրավիճակը նկարագրելիս վարկանիշային գործակալության ներկայացուցիչներն անդրադարձել են առկա բարելավումները հակակշռող աշխարհաքաղաքական ռիսկերին:
Նշենք, որ պրիլի 14–ին Moody’s վարկանիշային գործակալությունը վերահաստատել էր Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությանը տրված վարկանիշը։ Ըստ որի` արտարժույթով և տեղական արժույթով վճարունակության վարկանիշը մնացել է Ba3 մակարդակում, իսկ ֆինանսական կայունության գնահատականը՝ b1 մակարդակում։ Հեռանկարը գնահատվել է բացասական։ Ընկերության վարկանիշը համընկնում է ՀՀ սուվերեն վարկանիշին։