Կվերածվի՞ արդյոք Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի. ի՞նչ է կատարվում Բերձորում

Հովիկ Ավանեսովը կարծում է, որ ադրբեջանցիները նախապատրաստվում են իրագործել եկեղեցին մզկիթի վերածելու իրենց վաղեմի ծրագիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու տարածքում իրարանցումը մտահոգում է մասնագետներին։ Կասկածներ կան, որ Ադրբեջանը սկսել է եկեղեցին մզկիթի վերածելու իր վաղեմի ծրագիրը։
Կասկածի առիթ է դարձել այսօր համացանցում տարածված լուսանկարներն ու տեսանյութը, որտեղ պարզ երևում է, որ եկեղեցին շրջապատված է շինարարական կառույցներով։
«Սա գրեթե նույն սցենարն է, ինչ եղավ Շուշիի Սուրբ Ամենփրկիչ եկեղեցու դեպքում։ Մզկիթի վերածելու նախագիծ նրանք վաղուց ունեին, իսկ կոնստրուկցիաների առկայությունը վկայում է այն մասին, որ գործընթացը սկսվել է։ Եթե դա նրանք չանեն հիմա, կանեն մեկ ամիս կամ մեկ տարի հետո»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը։
Նշենք, որ դեռ մեկ տարի առաջ Ադրբեջանի «Հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու վերափոխման նախագծի վերաբերյալ լուսանկար էր հրապարակել։ Նախագծով ապամոնտաժվելու էր եկեղեցու գմբեթի վեղարն ու զանգակատունը, փոխարենը կցակառուցվելու էին երկու մինարեթներ։
Եկեղեցին մզկիթի վերածելու ադրբեջանական նախագիծը
Հովիկ Ավանեսովը հիշում է, որ նույն ժամանակահատվածում տեղեկություն էր տարածվել, թե եկեղեցին պայթեցնելու են, բայց դատելով այսօրվա լուսանկարներից կարելի է ասել, որ այն այնուամենայնիվ, կվերածվի մզկիթի։ Մասնագետի կարծիքով՝ այս ամենը անպատժելիության հետևանք է։
«Համապատասխան կառույցները զուտ արարողակարգային հայտարարություններից այն կողմ որևէ քայլ չեն ձեռնարկել Ադրբեջանի մշակութային ցեղասպան քաղաքականության դեմ հստակ պատժամիջոցներ կիրառելու համար։ Այս ամենով Ադրբեջանը ոչ միայն հարվածում է հայկական ինքնությանը` խեղաթյուրելով եկեղեցու գործառույթը, այլ նաև հարվածում է համաշխարհային քաղաքակրթությանը»,– ասում է Ավանեսովը։
Բերձորում, Ներքին Սուսում և Աղավնոյում ավարտվել է հուշարձանների տարհանումը
Նա հիշեցնում է, որ բազմաթիվ կոնվենցիաներ կան, որտեղ հստակորեն ամրագրված է, որ արգելվում է պատմաճարտարապետական հուշարձանների ինքնության խեղաթյուրումը և գործառույթի փոփոխությունը։ Պարզապես դրանք, փաստորեն, չեն կիրառվում։
«Քանի դեռ նման հանցագործությունները չեն պատժվում, ապա Ադրբեջանի իշխանությունների հետ հավասարազոր պատասխանատվություն է կրում նաև ամբողջ միջազգային հանրությունը»,– կարծում է նա։
Նշենք, որ Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցու կառուցումը սկսվել է 1996 թվականից, ավարտվել է 1998 թվականին։