ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022 թվականին մանկավարժների աշխատավարձի տարեկան ֆոնդը շուրջ 350 մլն դրամով ավելի է հաշվարկել։ Այս մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման ֆինանսական և համապատասխանության հաշվեքննության արդյունքների հիման վրա կազմված ընթացիկ եզրակացությունը ներկայացնելիս ասաց Հաշվեքննիչ պալատի անդամ Գագիկ Բարսեղյանը։
«Նախարարությանը` որպես բյուջետային հակտացումների ստորադաս կարգադրիչի, բյուջետային ծրագրերի իրականացման համար տարեկան բյուջեով նախատեսվել էր հատկացնել 88 մլրդ դրամ։ Ճշտված պլանը կազմել է 80.8 մլրդ դրամ, իսկ փաստացի ֆինանսավորումը` 77.8 մլրդ դրամ։ Կատարողականը կազմել է 96 տոկոս»,–նշեց Բարսեղյանը։
Նա ներկայացրեց խախտումներն ու խեղաթյուրումների ամփոփ պատկերը` ընդգծելով, որ 6 անհամապատասխանություն է արձանագրվել հաշվեքննության արդյունքում։ Արձանագրումներից մեկը վերաբերում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգը խախտելուն։
Մանկավարժահոգեբանական անձնակազմի տվյալ տարվա միջին աշխատավարձը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը (68 հազար դրամ) 1.75 գործակցով բազմապատկելով։ Բարսեղյանն ասաց, որ հաշվարկների ընթացքում նախարարության կողմից տվյալ կարգը չի կիրառվել, փոխարենը նվազագույն աշխատավարձին ավելացվել են աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, հավելումները, պարգևատրումները և լրավճարները։
«Արդյունքում աշխատավարձի տարեկան ֆոնդը շուրջ 350 մլն դրամով ավելի է հաշվարկվել։ Քանի որ դա ուղղակիորեն առնչվում էր բյուջետային գործընթացին, անհամապատասխանության մասին տեղեկությունն ուղղարկել ենք նաև ՀՀ ֆինանսների նախարարություն, որտեղից արձագանք չենք ստացել։ ԿԳՄՍ–ն հայտնել էր, որ իրենք այդ հաշվարկներն իրականացրել են նվազագույն աշխատավարձին ավելացնելով համապատասխան լրավճարները։ Արձանագրել ենք, որ այս պարզաբանումը չի համապատասխանում իրավական ակտերով սահմանված պահանջներին»,– նշեց Հաշվեքննիչ պալատի անդամը։
Մեկ այլ անհամապատասխանություն էլ արձանագրվել է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն» ծրագրում ներառված բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրման գործընթացում։ Բարսեղյանը շեշտեց, որ բակալավրում և մագիստրատուրայում անվճար հիմունքներով սովորող ուսանողների թվի միջև բուհերի և նախարարության ներկայացրած տվյալներում շեղում է արձանագրվել մինչև 24 ուսանողի հաշվարկով։
Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրման շրջանակում արձանագրվել է նաև, որ 4 հաստատությունում հաշվարկային թվեր սահմանված չեն եղել։
Այդուհանդերձ, 2022 թվականին նախարարությունը տվյալ ծախսային ուղղության շրջանակում 20.7 մլն դրամ է հատկացրել 4 ուսումնական հաստատության։