ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Երևանի կենտրոնում խավարասերները շարունակում են երեկոյան «զբոսանքը», քանի որ պատկան մարմինները ոչինչ չեն ձեռնարկում խնդիրը լուծելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի բնակիչներն ահազանգում են, որ խավարասերները վերադարձել են Կենտրոն վարչական շրջան։ Երեկոյան ժամերին խավարասերներ կարելի է տեսնել ամենուր` Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ, հարակից փողոցներից մինչև Իսահակյան փողոց։
Sputnik Արմենիան խնդրի մասին ահազանգել էր Կենտրոն վարչական շրջանի կոմունալ տնտեսության վարչություն։
Մեզ խոստացան համապատասխան մասնագետներին խնդրի մասին տեղեկացնել, իսկ արդյունքների մասին տեղեկացնել։
Օրեր անց նույն քաղաքացիները կրկին դիմում են Sputnik Արմենիային և հայտնում, որ խնդիրն այդպես էլ չի լուծվել և որպես ապացույց տեսանյութ են ուղարկում։
Մենք կրկին կապ հաստատեցինք Կենտրոն վարչական շրջանի կոմունալ տնտեսության վարչության հետ։
Հեռախոսազանգին պատասխանող աշխատակիցը մեզ հայտնեց, որ «այն թուղթը, որի վրա գրել էին փողոցների անունները և մեր տվյալները, կորել է», ուստի խնդրով չեն զբաղվել։
Նրանք ամեն դեպքում կրկին վերցրին տվյալները, խոստանալով այս անգամ ոչինչ չկորցնել։
Հիշեցնենք` Sputnik Արմենիայի հետ զրույցում Երևանի կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը հայտնել էր, որ նախկինում էլ է նման խնդիր եղել է, բայց մի քանի զանգով լուծել են։