Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ–ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

ՀՀ ԱԳՆ
Վահան Կոստանյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ գործողությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Երևանում տեղի են ունեցել քաղաքական հերթական խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Կոստանյանը վրացական կողմին է ներկայացրել Ադրբեջանի կողմից այս օրերին իրականացվող ագրեսիվ գործողությունները, որոնք վտանգում են Հարավային Կովկասի կայունությունը և խաղաղությունը։
«Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուտափույթ հասցեագրման կարևորությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են երկկողմ բարիդրացիական հարաբերությունների աճող դինամիկան, քննարկել հայ-վրացական բարձր մակարդակի շփումները և քաղաքական երկխոսության օրակարգը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր ներդնել պետությունների միջև հարաբերությունների առավել խորացման ուղղությամբ:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, ինչպես նաև երկկողմ տնտեսական, մշակութային, կրթական կապերի ամրապնդմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի բարելավմանը:
Հիշեցնենք` հունիսի 5–ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Երևանը քայլեր է ձեռնարկում Թբիլիսիի հետ հարաբերություններն ավելի խորացնելու ուղղությամբ: Մասնավորապես ընդլայնվում է համագործակցությունը գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում` անխափան բեռնափոխադրումների և քաղաքացիների անարգել տեղաշարժի ապահովման ուղղությամբ։