ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Լաչինի միջանցքի գրեթե ամբողջական շրջափակումը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Այս հայտարարությունն արել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայությունը։
Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը բետոնե արգելապատնեշ է տեղադրել Լաչինի միջանցքում ու փակել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
ԵՄ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում ընդգծվում է, որ հունիսի 15-ից գործող ամբողջական շրջափակումն ուղղակիորեն սպառնում է տեղի բնակչության ապրուստին և լուրջ մտահոգություններ է առաջացնում հնարավոր հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:
ԵՄ ներկայացուցիչը նաև անդրադարձել է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածությանը։
«ԵՄ-ն ուշադիր հետևում է վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև աճող լարվածությանը, երբ ամեն օր հաղորդագրություններ են ստացվում միջազգային սահմանի երկայնքով հրաձգության դեպքերի մասին` ի լրումն ղարաբաղյան շփման գծում նմանատիպ միջադեպերի»,– նշված է հայտարարության մեջ։
Շեշտվում է, որ մի շարք բարձր մակարդակի հանդիպումներից հետո ԵՄ-ն շարունակում է մասնակցություն ցուցաբերել քաղաքական ամենաբարձր մակարդակով՝ օգնելու մեղմել այս լարվածությունը և գտնել փոխընդունելի լուծումներ:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
Հունիսի 15-ի առավոտյան էլ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: