ԵՄ պատժամիջոցների ցանկում հայաստանյան ընկերություն է հայտնվել

Տեղեկատվական տեխնոլոգիաներ
ԵՄ հակառուսական պատժամիջոցների 11-րդ փաթեթում էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվող հայաստանյան ընկերություն է հայտնվել։ 2022 թվականի մարտից ի վեր սա միակ հայկական ընկերությունն է, որը հայտնվել է եվրոպական ցուցակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթում հայաստանյան մեկ ընկերություն է հայտնվել։ Պատժամիջոցների հերթական փաթեթի մասին որոշման մեջ Եվրահանձնաժողովը նշում է, որ Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների ցանկում 87 ընկերություն է ներառվել։ Նրանց նկատմամբ կկիրառվեն բարձրտեխնոլոգիական ապրանքների, այդ թվում՝ երկակի նշանակության ապրանքների վաճառքի սահմանափակումներ (որպեսզի ընկերություններն այդ ապրանքները չվերավաճառեն Ռուսաստանում)
Ցանկում ընկերություններ կան Չինաստանից, Ուզբեկստանից, Արաբական Էմիրություններից, Սիրիայից և Հայաստանից։
Հայաստանից ցանկում միայն մեկ ընկերություն է հայտնվել` «Taco» ՍՊԸ–ն։
ՌԴ–ի հետ տասնամյա սերտ առևտրային կապերը խզելը հեշտ չէ. ՀՀ փոխարտգործնախարար
Հավելենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկման բյուրոյի պատժամիջոցային ցանկում (Specially Designated Nationals List) Հայաստանում գրանցված երկու ընկերություն է ներառված` վերոնշյալ «Taco»–ն և «Milur Electronics»–ը։ Ցանկում ներկայացված տվյալների համաձայն` երկու ընկերություններն էլ զբաղվում են էլեկտրոնիկայի մեծածախ վաճառքով։ «Taco»–ն փոխկապակցված է ռուսական «Ռոդիոավտոմատիկա» ընկերության հետ (որը ևս զբաղվում է էլեկտրոնիկայի վաճառքով), իսկ «Milur»–ը` ինտեգրալ միկրոսխեմաներ արտադրող ռուսական «Միլիանդրի» հետ։
Այսպիսով` շուրջ մեկ տարվա ընթացքում ԱՄՆ–ի և ԵՄ–ի պատժամիջոցային ցանկում հայկական միայն երկու ընկերություն է հայտնվել։
ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի իրանական ընկերությունների դեմ ՌԴ ԱԹՍ–ներ «մատակարարելու» համար
Հիշեցնենք` ավելի վաղ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները չէին բացառել, որ պատժամիջոցներ կարող են կիրառվել այն երկրների նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հարցում: Այս կապակցությամբ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները (վարչապետ Նիկոլ Փաշինյան, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան) հայտարարել են, որ Հայաստանը հետևում է պատժամիջոցների ռեժիմին։
Փաշինյանը մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Հայաստանի դաշնակից որևէ երկրի ձեռնտու չէ, որ ՀՀ–ն ընկնի պատժամիջոցների տակ։
Քերոբյանն իր հերթին հայտարարեց, որ Հայաստանը որևէ կերպ չի փորձում օժանդակել ՌԴ–ին սանկցիաների շրջանցման հարցում։