​Արցախի ԱԱԾ–ն զգուշացնում է չպատասխանել հեռախոսազանգով իրականացվող կասկածելի հարցումներին

Կասկածելի զանգեր ստանալու դեպքում անհապաղ պետք է դիմել Արցախի ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26 հեռախոսահամարներով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Ադրբեջանի հատուկ ծառայությունները հեռախոսազանգերի միջոցով փորձում են ԱՀ քաղաքացիներից տեղեկություններ կորզել, հայտնում է Արցախի ԱԱԾ–ն։
«Վերջին ժամանակահատվածում Ադրբեջանի հատուկ ծառայություններն իրականացնում են հեռախոսազանգեր Արցախի Հանրապետության հեռախոսահամարների բաժանորդներին և ներկայանալով որպես «Գելլափ» և այլ հայտնի սոցիոլոգիական ուսումնասիրություններ իրականացնող ու հարցումներ կատարող կազմակերպության, կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ, հարցադրումներ են կատարում Արցախի արտաքին և ներքին քաղաքական կյանքի, սոցիալ-տնտեսական վիճակի, տիրող ընդհանուր իրավիճակի և տրամադրվածությունների վերաբերյալ՝ այդպիսով փորձելով կորզել իրենց անհրաժեշտ տեղեկությունները»,–ասված է հաղորդագրության մեջ:
Արցախի ԱԱԾ–ն կոչ է անում նման հեռախոսազանգեր ստանալու դեպքում չպատասխանել տրվող հարցերին, քանզի նրանց կողմից հավաքագրվող տեղեկություններն օգտագործվում են ի վնաս մեզ:
Կասկածելի բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ պետք է դիմել Արցախի ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26: