ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. 44-օրյա պատերազմին մասնակից լինելու, իրական մասնակցության ժամկետն ավելի երկար ցույց տալու մասին կեղծ տվյալներ ներկայացնելու արդյունքում պետությանը պատճառվել է մոտ 8 մլն դրամի վնաս։ Վեց անձի մեղադրանք է ներկայացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՔԿ–նբացահայտել է, որ կեղծ տվյալներն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար գործել է հանցավոր սխեմա։
Պարզվել է, որ «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ Կոտայքի մասնաճյուղի ղեկավար և «Հայրենանվեր Մահապարտներ» ՀԿ նախագահ Կ. Գիլոյանը 2020թ. դեկտեմբերին հանցավոր համաձայնության են եկել «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ-ի Սևանի մասնաճյուղի ղեկավար Վ. Սաղաթելյանի, «Հայրենանվեր Մահապարտներ» ՀԿ-ի փոխնախագահ Գ. Մարգարյանի և ևս երկու անձի` Վ. Սարգսյանի և Ա. Ավանեսյանի հետ կազմել է կեղծ փաստաթղթեր` պատերազմական գործողություններին մասնակցած և չմասնակցած անձանց վերաբերյալ։
Այնուհետև այդ փաստաթղթղերը ներառվել են ԱՀ նախագահին 2020թ. դեկտեմբերի 21–ին հասցեագրված գրությանը կից ընդհանուր 107 անձանց ցուցակում։
Արդյունքում պատերազմին չմասնակցած 21 անձանց և Կ. Գիլոյանին 2021թ. հունվար-հուլիս ամիսներին փոխանցվել է մոտ 4 մլն դրամ։ Իսկ պատերազմին մասնակցած, սակայն մասնակցության օրերը հավելագրված 53 անձի փոխանցվել է ավելի քան 4 մլն դրամ, ընդհանուր՝ մոտ 8 մլն դրամ:
Հանցավոր սխեմայի մասնակիցներից մեկի` Վ.Սարգսյանի բնակարանում իրականացված խուզարկության ժամանակ Ա. Ներսիսյանը ներգրավվել է որպես ընթերակա։ Նա չի հայտնել, որ իր և Վ.Սարգսյանի միջև կա մտերիմ կապ։ Ավելին, Ա. Ներսիսյանը խուզարկության վայրից վերցրել է առգրավման ենթակա մի շարք փաստաթղթեր և դիմել փախուստի:
Կ. Գիլոյանին, Վ. Սարգսյանին և Ա. Ավանեսյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախության և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու կամ իրացնելու հոդվածներով:
Վ. Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Նշված անձանցից բացի մեղադրանքներ են ներկայացվել նաև
Գ. Մարգարյանին` հանցակցության, խարդախության և նախնական համաձայնությամբ փաստաթղթերի կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր իրացնելու,
Վ. Սաղաթելյանին` հանցակցության և խարդախության,
Ա. Ներսիսյանին` արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու հոդվածներով։
Մյուս բոլորի նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ։
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ դրանք հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Պետությանը պատճառված 8 մլն դրամից ավելի քան 5 մլն դրամը վերականգնվել է: