Վարչապետը պարզապես խեղաթյուրել է փաստերը. օգտատերերը զարմացել են և նոր բացահայտումներ արել

Նիկոլ Փաշինյանի ելույթը քննիչ հանձնաժողովում. Արխիվային լուսանկար
Sputnik
Հայաստանցիներն իրավացիորեն ակնկալում էին, որ վարչապետն իրենց հուզող ամենակարևոր հարցերին սպառիչ պատասխան կտա խորհրդարանական հանձնաժողովում, որը հատուկ ստեղծվել է վերջին պատերազմի հետ կապված հանգամանքներն ուսումնասիրելու համար։ Ավաղ, շատերը մինչև այժմ էլ չեն կարողանում թաքցնել իրենց հիասթափությունը։
Ավելին, ոմանք արձանագրում են՝ երկրի ղեկավարը պարզապես խեղաթյուրել է փաստերը, որոնք բոլորին հայտնի են և որևէ գաղտնիք չեն ներկայացնում։ Մի օրինակ ֆեյսբուքյան գրառումներից։ «Փաշինյանի այն պնդումը, թե Քի Ուեսթյան տարբերակով Լեռնային Ղարաբաղը ինքնավարության կարգավիճակ էր ստանում Ադրբեջանի կազմում, պարզապես չի համապատասխանում իրականությանը։ Ինչպես 1999 թվականի տարբերակով, այնպես էլ Քի Ուեսթով Լեռնային Ղարաբաղը դառնում էր Հայաստանի Հանրապետության դե յուրե մաս։ Այս հարցով տարիներ առաջ այլ մարդկանց ներկայությամբ զրուցել եմ այն ժամանակվա ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերի Քավանոյի հետ, որը հաստատել էր գրածս։ Ներկաներից մեկը ադրբեջանցի հայտնի փորձագետ էր, որը շոկի մեջ էր Քավանոյի խոսքերից»։
«Փաշինյանի այն պնդումը, թե իբր Քի Ուեսթյան փաստաթղթերը չեն պահպանվել, ևս սուտ է»,-շարունակում է օգտատերը` մանրամասնելով. «Քավանոն նույն զրույցի ընթացքում հայտնել էր, որ այդ փաստաթղթերը չեն հրապարակվում, քանի որ դեռևս շատ զգայուն տեղեկություններ են պարունակում ևկարող են վնասել բանակցային գործընթացին։ Սա զուտ ցույց է տալիս վարչապետի և իր թիմի անտեղյակության աստիճանը»։
Սոցիալական ցանցերում բուռն քննարկման առարկա են դարձել նաև վարչապետի բավական անհասկանալի մեկնաբանություններն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշման վերաբերյալ։ Օգտատերերից մեկը բացատրում է. «Փաշինյանը տարակուսած ասում է՝ 1996-ի ընտրություններում Տեր-Պետրոսյանը հաղթանակ էր խոստանում, այնինչ մեկ տարի հետո խաղաղությունից էր խոսում: Տարակուսում, զարմանում է Փաշինյանը, որովհետև նրա պատկերացրած խաղաղությունը միայն նվաստացման հոմանիշ է»:
Նույն հարցին է անդրադառնում նաև մեկ այլ օգտատեր. ամենացնորամիտ մեղադրանքը, իհարկե, այն է, թե Տեր-Պետրոսյանը 1996 թվականի ընտրություններին մասնակցել է «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» կարգախոսով, իսկ դրանից մեկ տարի անց՝ 1997 թվականին հանդես է եկել «խաղաղության» կարգախոսով: Նախ, փոխհամաձայնեցված փաստաթղթով ձեռք բերվող խաղաղությունից ավելի մեծ հաղթանակ դժվար է պատկերացնել: Ու նաևՏեր-Պետրոսյանը մշտապես խոսել է փոխզիջումային լուծման անհրաժեշտության մասին, կողմ է արտահայտվել հարցի «քայլ առ քայլ», «միջանկյալ» կամ «փուլային» լուծմանը: Ավելին, ճկուն քաղաքականություն իրականացնելով, Տեր-Պետրոսյանը հրապարակայնորեն մշտապես խուսափել է կանխորոշել Ղարաբաղի կարգավիճակը», -գրում է օգտատերը` տարակուսելով, որ երբ Տեր-Պետրոսյանին նման մեղադրանք էին ներկայացնում ինչ-որ պատեհապաշտներ կամ թեմայից բացարձակապես անտեղյակ ինչ-որ երևույթներ, դա այլ մակարդակ էր, բայց երբ նման մտքեր է արտահայտում ու կրկնում, իբր, թեման խորապես ուսումնասիրած ու բոլոր նրբությունները հաշվի առած պետության ղեկավարը, հասարակությունը, իրապես, պետք է առնվազն մտահոգվի: Եթե ոչ իրենց ղեկավարի մտավոր ունակությամբ, ապա՝ բարոյականությամբ։
Ի դեպ, ֆեյսբեուքյան արձագանքները ակնհայտորեն ցույց են տալիս, թե ինչ ցածր մակարդակի է հասել հանրային վստահությունն իշխանությունների հանդեպ։ Եվ տրամաբանական հարց է ծագում՝ արդյոք երկրի ղեկավարությունն ի զորու է հաջողությամբ բանակցել արժանապատիվ խաղաղություն ապահովելու շուրջ, երբ ժողովուրդը, ելնելով վերջին տարիների փորձից, խիստ կասկածամիտ է դարձել և տագնապով սպասում է՝ շուտով այս տարածքն էլ կկորցնենք, հետո այս բնակավայրի շրջակայքը կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, վերջում էլ կփակվի Երևանը Սյունիքի հետ կապող ռազմավարական ավտոճանապարհը։
Ահա թե ինչ է գրում մեկնաբաններից մեկը. «Հայկական կողմը, ըստ երեւույթին, համակերպվել է Երասխով անցնող ճանապարհի կորստին, ինչպես Գորիս-Կապան ճանապարհի, Բերձորի միջանցքի և ռազմավարական այլ ճանապարհների ու օբյեկտների կորստին։ Տեղեկություններ կան, որ վերանորոգվում է Արարատով անցնող ճանապարհը, որը թույլ է տալիս առանց Երասխ հասնելու թեքվել դեպի Երևան։ Բայց ոչ միայն դա է հուշում, որ Հայաստանի իշխանությունը դիտարկում է Երասխը հանձնելու տարբերակը։ Հայաստանի սահմանադրական տարածքում քաղաքացիական օբյեկտի գնդակոծմանը իշխանությունների արձագանքն ուղղակի անհասկանալի է։ Արձագանք փաստորեն ընդհանրապես չկա»։
Օգտատերերից մեկն էլ ամփոփում է. «Մինչ հայությունը քննարկում էր Վանի կամ Սասունի անկումը, այդ ընթացքում ընկան Էրզրումը, Մուշը, Զեյթունը, Տրապիզոնը, Խարբերդը և այլն։ Իսկ երբ քննարկում էին այդ տարածքների կորուստը, կորցրին Կարսը, Բայազետը, Նախիջևանը, Սարիղամիշը, Կաղզվանը, Անին։ Հետևաբար՝ քննարկելու և ողբալու փոխարեն պետք է մտածել եղածը պահելու մասին»։
Փաշինյանը փորձում է բոլոր ձևերով մեղքն ուրիշների վրա գցել. Քոչարյանի գրասենյակի արձագանքը