Սարքած ելույթ՝ սարքած պատերազմի մասին. Աշոտյանը ՔԿՀ-ից անդրադարձել է Փաշինյանի ելույթին

Արխիվային լուսանկար
ՀՀԿ փոխնախագահը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունները բազմաթիվ կեղծ և խնդրահարույց պնդումներ են պարունակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում ինքնախոստովանություն արեց առ այն, որ նա պատերազմ հրահրած աշխարհաքաղաքական խաղեր է տվել ոչ միայն 44-օրյայից առաջ, այլև ընթացքում, ինչն էլ ավելի է ծանրացրել մեր վիճակը։ Այս մասին նա գրել է Նուբարաշեն ՔԿՀ-ից հրապարակած իր հոդվածում։
Նշենք, որ հունիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Նա իր ելույթում ներկայացրել է պատերազմի օրերին տեղի ունեցած իրադարձությունների որոշ մանրամասներ։
«Նա ունեցել է պատերազմն առնվազն ժամանակավորապես դադարեցնելու հնարավորություն, բայց մերժել է այն, թեպետ, ինչպես ինքն էր բազմիցս նշում, մենք իբր բանակ չունեինք, և, որ պարտությունն «անխուսափելի է»: Ավելին, հենց այդ օրերին էր նա նախապատրաստում Լելե-Թեփե օպերացիան, իսկ արտասահմանյան ԶԼՄ-ներով գրեթե ուղիղ հայտարարում «այս պահին ընթացող և պատերազմում բեկում մտցնող» գործողությունների մասին: Ինչպես հետո պարզվեց, այդ չարաբաստիկ գործողությունը կոտրեց հայկական ԶՈւ ռեզերվի մեջքը, ինչը հետո անդառնալի հետևանքներ ունեցավ»,– գրել է նա։
Աշոտյանի կալանքի հարցով դատական նիստն ընդմիջվել է․ փաստաբանը նյութերին է ծանոթանում
Ըստ Արմեն Աշոտյանի, 2020 թ. հոկտեմբերի 19-ի իրադարձությունների շուրջ Նիկոլ Փաշինյանի սեփական գնահատականները, հախուռն ներկայացնող մեկնաբանությունները բազմաթիվ կեղծ և խնդրահարույց պնդումներ են պարունակում։
«Շուշիի խնդրի մասին խոսելիս Նիկոլն ասում է, որ արդեն այն ժամանակ «կանխատեսում էր» Լաչինի միջանցքի հնարավոր բլոկադան Ադրբեջանի կողմից: Համաձայնեք, որ սա երեսպաշտության «высший пилотаж» է, քանզի այդ նորաթուխ պայծառատեսը, ըստ իրեն, գուշակելով նման խնդրի մասին, ոչ միայն հետպատերազմական շրջանում մատը մատին չտվեց այն կանխելու համար, այլև խախտելով Նոյեմբերի 9-ի համաձայնագրի համապատասխան դրույթը՝ ժամկետից շուտ և մեծ հաճույքով համաձայնեց ադրբեջանական թակարդին՝ նոր ճանապարհի կառուցման և Լաչինն ու շրջակա գյուղերն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ»,– գրել է Արմեն Աշոտյանը։
Հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու առաջարկը մերժելու՝ Մեղրիի հիմնավորումը ըստ Աշոտյանի, նույնպես քննադատությանը չի դիմանում, քանզի նմանատիպ մի դրույթ տեղ է գտել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում՝ ռուսական ФСБ-ի կողմից այդ հնարավոր կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու մասով:
«Ամերիկյան՝ հոկտեմբերի 25-ի հրադադարի պատմությունն իր տրամաբանությամբ կրկնում է ֆրանսիականի հիմնավորումները՝ մաքուր՝ իր ձևով, և կեղտոտ՝ իր բովանդակությամբ, գեոպոլիտիկ ֆլիրտ, որը նույնպես ծանր նստեց մեր բանակի վրա»,– գրել է նա:
ՀՀԿ փոխնախագահը նկատում է, որ այդ ողջ պատմության ընթացքում Նիկոլ Փաշինյանը չի ներկայացրել գեթ մեկ դրվագ, որտեղ Արևմուտքը կստանձներ ագրեսոր Ադրբեջանին պատժելու հանձնառություն կամ պատերազմն ամբողջությամբ դադարեցնելու նախաձեռնություն:
Եզրափակելով իր հոդվածը` Արմեն Աշոտյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ անվանել է սարքած ելույթ՝ սարքած պատերազմի մասին։
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը կալանքի տակ է գտնվում հունիսի 16-ից։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով։