ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. ՀՀ ԱԳՆ-ն 4 կետով մեկնաբանել է հունիսի 15-ին Հակարի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը:
«Հունիսի 15-ի միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Լաչինի միջանցքում, ինչպես նշում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Հակարի կամրջի հայկական կողմում»,– ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը։
Մինչդեռ Զախարովան ճեպազրույցի ժամանակ ասել է. «Հունիսի 15-ին Հայաստանի կողմից Լաչինի միջանցքի մուտքի շրջանում տեղի ունեցած միջադեպը», այլ ոչ թե բուն միջանցքում։ Այս մասին է վկայում ՌԴ ԱԳՆ սղագրությունը։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ միջադեպը կապված է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման բացակայությամբ։
Ինչպես կարծում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը, ռուսական կողմի մեկնաբանության մեջ ակնհայտ հակասություն կա:
«Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման բացակայության պատճառով հնարավոր չէ հստակ ասել, թե որտեղով է անցնում սահմանագիծը, և դա է շարունակական խնդիրների պատճառը, ինչպես պնդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, ապա հարց է առաջանում, թե ի՞նչ հիմքով և սկզբունքով էր հունիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի կոնկրետ այդ հատվածում՝ կամրջի այս կողմում, տեղադրվում ադրբեջանական դրոշ»,– ասել է Անի Բադալյանը։
ԱԳՆ մամուլի խոսնակը նաև արձանագրում է այն փաստը, որ սահմանազատման մասին թեզը պարբերաբար բառացիորեն կրկնում է նաև ադրբեջանական կողմը` Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ ագրեսիվ գործողություններ իրականացնելիս և ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելիս:
«Հիշեցնում ենք, որ ռուս խաղաղապահների միակ վերաբերելի գործառույթը Լաչինի 5կմ լայնությամբ միջանցքը վերահսկողության տակ պահելն էր»,– ասել է նա։
Անի Բադալյանը հիշեցրել է, որ հունիսի 15-ի միջադեպից հետո ադրբեջանական կողմն ամբողջապես արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղ չեն տեղափոխվում նույնիսկ մարդասիրական նպատակով անհրաժեշտ պարագաներ, ներառյալ՝ սնունդ և դեղորայք, այդ թվում՝ անգամ ԿԽՄԿ կողմից, ԼՂ-ից ՀՀ բժշկական հաստատություններ չեն տեղափոխվում համապատասխան բուժօգնության կարիք ունեցող ծանր հիվանդները, շարունակում է խափանված մնալ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Նա կոչ է արել 2020թ. նոյեմբերի 9-ի և Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված մյուս եռակողմ հայտարարությունները ստորագրած կողմերին արդարացումներ փնտրելու փոխարեն անշեղորեն իրականացնել ստանձնած հանձնառությունները:
Հիշեցնենք՝ հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։
Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: