Քըլըչդարօղլուին սպառնում է 110 տարվա ազատազրկում և քաղաքականությամբ զբաղվելու արգելք

Քեմալ Քըլըչդարօղլու. Արխիվային լուսանկար
Թուրքիայի նախագահի նախկին թեկնածուի թիմը մտադիր է պաշտպանել քաղաքական գործչի շահերը, հավաստիացրել է նրա փաստաբանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին սպառնում է ազատազրկում և քաղաքականությամբ զբաղվելու արգելք։ Նրա դեմ ներկայացվել է 28 հայց, գրում է Cumhuriyet թերթը:
Նախագահական ընտրություններում պարտվելուց հետո Քըլըչդարօղլուն չի անցել նոր խորհրդարան և զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։
«Ավելի վաղ մի շարք հայցեր կասեցվել էին Քըլըչդարօղլուի անձեռնմխելիության պատճառով, այժմ դրանք կրկին կքննվեն»,-գրում է պարբերականը:
Հայցվոր կողմը հիմնականում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Օրինակ՝ 2021 թվականին Էրդողանը հայց էր ներկայացրել Քըլըչդարօղլուի դեմ, քանի որ վերջինս նախագահին մեղադրել էր սուտ խոսելու մեջ, իսկ 2017 թվականին ընդդիմադիրը Էրդողանին համեմատել էր Սադամ Հուսեյնի, Մուամար Քադաֆիի և Չաուշեսկուի հետ։ Հայցերի մեծ մասով նախկին թեկնածուին սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում, ընդհանուր առմամբ բոլոր հայցերով ՝ 110 տարվա ազատազրկում:
«Կարելի է կանխատեսել, որ այդ հայցերը կվերածվեն իրական գործերի», - նշվում է հրապարակման մեջ:
Թուրքիայի արտգործնախարարն ընդունել է Էրդողանի կողմից «մերժված» ԱՄՆ դեսպանին
Իսկ ընդդիմադիր գործչի փաստաբանը կարծում է, որ դա տեղի չի ունենա, իսկ քրեական գործեր հարուցելու դեպքում էլ նախկին թեկնածուի թիմը մտադիր է պաշտպանել նրա շահերը։
Ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պարտվել է գործող նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին ՝ հավաքելով ձայների 47,82 տոկոսը: