ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության նախկին հողատարածքը կդրվի սեփականաշնորհման։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Սա օրակարգում ներառված 54 չզեկուցվող հարցերից մեկն էր։
Մոտ 6 հազար քմ–անոց տարածքը գտնվում է Երևանի Իսակովի պողոտայում։ Նախկինում այն եղել է պաշտպանության նախարարության հաշվեկշռում, սակայն կառավարության` 2022 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ այս և ևս 70 տեղամասեր որպես ավելորդ շինություններ պետական գույքի կառավարման կոմիտեին են հանձնվել հետագա մասնավորեցման համար։
Հողամասի կադաստրային արժեքը կազմում է մոտ 344,3 մլն դրամ կամ ավելի քան 880 հազար դոլար:
Այլ որոշումներով աճուրդի կհանվեն ևս մի քանի հողակտորներ, այդ թվում՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ. Հովսեփյան փողոցում գտնվող երկու և երեք հազար քմ մակերեսով երկու հողակտոր, ինչպես նաև մի շարք այլ հողակտորներ: